03/02/2017 17:47
Տրամադրություններդ փոխեք, մի քիչ ժպտացեք, «դիլխոր» մի եղեք. Վարչապետը՝ լրագրողներին
ՀՀ կառավարությունը Գյումրին տուրիզմի քաղաք դարձնելու համար կստեղծի ֆոնդ, որի ներդումային փաթեթն այս պահին 10 միլիոն դոլար է։
«Դա լինելու է տարբեր աղբյուրներից։ Մենք այդ ծրագիրն իրագործելու ենք», - Գյումրի կատարած այցի ժամանակ լրագրողներին ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը։
Հարցին՝ ի՞նչ երաշխիք կա, որ ծրագրերն իրականություն են դառնալու, վարչապետը պատասխանեց. «Ես ձեզ ի՞նչ երաշխիք տամ, բարաթ տա՞մ, ի՞նչ ձևով եք պատկերացնում երաշխիքը, ասեք՝ տամ»։
Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ իր ընտանիքը Գյումրիում 500 հազար դոլարի ներդրում կանի։
Լրագրողի դիտարկմանը՝ երկրում գործազրկություն է տիրում, մարդիկ արտագաղթում են, պետք չէ՞ աշխատատեղ ստեղծել, Կ. Կարապետյանը պատասխանեց. «Մտածում եմ, դրա համար այստեղ եմ։ Դուք էլ մի քիչ ձեր տրամադրությունը փոխեք, չի կարելի այդ տրամադրությամբ երկիր փոխել»։
Վարչապետը լրագրողներին հորդորեց լինել մի քիչ պրագմատիկ։
«Էդ ձեր տրամադրությունները փոխեք, մի քիչ ժպտացեք, այ մարդ, ինչքան ջղային եք սաղդ նայում», - ասաց նա։
Դիտարկմանը՝ սոցիալական ծանր պայմաններով Գյումրիում հնարավոր չէ միշտ ժպտալ,Կ. Կարապետյանը նշեց. «Դե ուրեմն անընդհատ դիլխոր եղեք, տենց կլինի՞»։