03/02/2017 18:37
Ադրբեջանցի դիվերսանտը ձերբակալվել է. ԼՂՀ ԱԱԾ
ԼՂՀ ԱԱԾ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ադրբեջանցի դիվերսանտը ձերբակալվել է.
Ըստ ԼՂՀ ԱԱԾ տարածած հաղորդագրության` 2017թ. փետրվարի 1-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ համայնքի ուղղությամբ Ադրբեջանի Հանրապետության Զինված ուժերի մի խումբ զինծառայողներ, օգտվելով մառախլապատ եղանակից, ձեռնարկել են դիվերսիայի փորձ: Փորձը խափանվել է Պաշտպանության բանակի` Արցախի պետական սահմանի պահպանությունն իրականացնող ստորաբաժանման կողմից:
Նույն օրը ժամը 15:00-ի սահմաններում Պաշտպանության բանակի մարտական դիրքերից մեկի պահպանության տեղամասում հայտնաբերվել և ԼՂՀ ԱԱԾ բերման է ենթարկվել ԼՂՀ պահպանվող պետական սահմանն ապօրինի հատած դիվերսիոն խմբի անդամ, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, Ադրբեջանի Հանրապետության Զինված ուժերի 157 մոտոհրաձգային բրիգադի հետախուզական վաշտի զինծառայող Էլնուր Էլման օղլը Հուսեյնզադեն:
Է. Հուսեյնզադեի կողմից դիվերսիայի փորձ կատարելու և ԼՂՀ պետական սահմանն ապօրինի հատելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ԼՂՀ Քրեական օրենսգրքի 33-317-րդ հոդվածով և 350-րդ հոդվածի 1-ին մասով:
Է. Հուսեյնզադեն ձերբակալված է: Տարվում է քննություն:
Հաշվի առնելով հանցագործության հանրային հնչեղությունը, ինչպես նաև Է. Հուսեյնզադեի հարազատների` լրատվամիջոցներով արտահայտված անհանգստությունը` ԼՂՀ ԱԱԾ-ն ներկայացրել է նաև Է. Հուսեյնզադեին պատկերող տեսագրությունը։