06/02/2017 19:20
Մեկնարկում է «ԱՐՏ ՖԵՍՏ 2017»-ը. Փառատոնը նոր ոլորտներ է ընդգրկել
Արդեն 5-րդ անգամ ամենամյա «ԱՐՏ ՖԵՍՏ» երիտասարդական բաց փառատոնը համախմբում է երիտասարդ արվեստագետներին: 2013 թվականից «Մեկ տանիքի ներքո» խորագրով մեկնարկած փառատոնին մինչ այս մասնակցում էին 16-30 տարեկան այն երիտասարդներն, ովքեր կարող էին իրենց դրսևորել թատերական և կինոարվեստների, երգարվեստի ու կերպարվեստի (գեղանկարչություն, քանդակագործություն, գրաֆիկա, լուսանկարչություն), դիզայնի, դեկորատիվ-կիրառական արվեստի ու հագուստի մոդելավորման բնագավառներում: Սակայն «ԱՐՏ ՖԵՍՏ 2017»-ը այս տարվանից ընդգրկել է նոր ոլորտներ ևս. երիտասարդներն իրենց կփորձեն նաև գրականության, դրամատուրգիայի և սցենարական հմտության առումով:
Փառատոնը կյանքի է կոչվել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի, Երիտասարդ ստեղծագործողների միության և ԵԹԿՊԻ Ուսանողական թատրոնի նախաձեռնությամբ, որին աջակցել են ՀՀ մշակույթի նախարարությունն ու Երևանի քաղաքապետարանը:
Փառատոնի նպատակն է երիտասարդ արվեստագետների շրջանում խթանել ստեղծագործական մթնոլորտը, մասնագիտական համագործակցության դաշտ ձևավորել, երիտասարդներին հնարավորություն ընձեռել, որ փորձի փոխանակման արդյունքում կատարելագործեն իրենց մասնագիտական հմտությունները: արդյունքում բազմաթիվ նոր անուններ են ծնվել:
Նշենք, որ «ԱՐՏ ՖԵՍՏ 2017»-ի հայտերի ընդունումն արդեն սկսված է և կտևի մինչև մարտի 5-ը: