06/02/2017 15:26
Ամիրյան. Օպերային թատրոնում պատասխանատվությունը պետք է կրի մեկ մարդ
Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն Օպերային թատրոնում այսօր ներկայացրել է կադրային փոփոխությունները:
Ըստ այդմ՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի՝ արդեն նախկին տնօրեն Անդրանիկ Արզումանյանը կաշխատի որպես մշակույթի նախարարի խորհրդական։ Մինչև նոր տնօրենի համար հայտարարված մրցույթի արդյունքների ամփոփումը, տնօրենի և գեղարվեստական ղեկավարի պաշտոնները կհամատեղի Կոնստանտին Օրբելյանը:
«Անդրանիկ Արզումանյանի գիտելիքն ու վաստակը գնահատելով՝ ես նրան խնդրել եմ տեղափոխվել նախարարություն՝ որպես խորհրդական: Մենք ունենք բազմաթիվ ծրագրեր, որոնք միասին կիրականացնենք»,- ասել է Արմեն Ամիրյանը։
Նախարարի մեկ այլ հրամանով՝ Թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը կստանձնի նաև տնօրենի պաշտոնը:
«Իմ խորին համոզմամբ, այս պահին պատասխանատվությունը պետք է կրի մեկ մարդ. և՛ գեղարվեստական առումով, և՛ կառավարչական: Մաեստրո Օրբելյանը սիրահոժար ընդունեց, և մենք միասին ծրագրել ենք շատ մեծ, կարելի է ասել՝ ամբիցիոզ նախագծեր, որոնք փորձելու ենք իրականացնել 2017-ի ընթացքում: Նախատեսում ենք և՛ ստեղծագործական, և՛ կառուցվածքային մի շարք վերանայումներ: Մենք ուզում ենք ստեղծել ոչ թե այսօրվա, այլ վաղվա օպերային թատրոնը: Ինչպես դա կստացվի, ցույց կտա ժամանակը, բայց ես մեծ ուրախությամբ եմ ստորագրել այս հրամանը՝ վստահելով մաեստրո Օրբելյանին ոչ միայն գեղարվեստական ղեկավարի, այլև տնօրենի պարտականությունները: Մինչև տարվա առաջին կիսամյակի ավարտը մենք պետք է ունենանք Հայաստանի Հանրապետությանը արժանի, աշխարհի օպերային թատրոնների հետ համահավասար քայլող թատրոնի տեսլականը», -ասել է մշակույթի նախարարը: