06/02/2017 22:12
Թատրոնները և մշակութային մյուս կառույցները պետք է ունենան ծրագիր. Վարչապետ
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր շարունակվել է ՀՀ պետական կառավարման մարմինների գնահատված կատարողականների և ՀՀ կառավարության 2016 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը։
2016 թ. միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների իրականացման արդյունքների մասին վարչապետին զեկուցել է ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։
Նախարարը նշել է, որ առաջին երևանյան միջազգային բիենալեի նախաձեռնող խմբի կողմից որոշվել է անցկացնել «Ստանդարտ» ժամանակակից արվեստի միջազգային տրիենալեն, որի աշխատանքները կընթանան 2017 թվականին:
Անցնող տարվա ընթացքում վերանորոգվել է 3 տուն-թանգարան, իսկ նոր մշտական ցուցադրություններով վերաբացվել են 2-ը: Արտերկրում բացվել է մեծամասշտաբ 4 ցուցահանդես: Հաղպատում անցկացվել է «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնը: Ստեղծվել է «Հայկական կինո» տեղեկատվական շտեմարանը, ավարտվել է համատեղ 3 ֆիլմերի արտադրությունը, թվայնացվել է 7 ֆիլմ, 1 կինոնախագիծ ընթացքի մեջ է: Արմեն Ամիրյանը զեկուցել է նաև 2017 թ. գերակա խնդիրների մասին՝ մշակութային արտադրանքի և ծառայությունների խթանում՝ ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ, մշակութային ժառանգության ոլորտում տնտեսական բաղադրիչի մեծացում, հայրենասիրական ոգու բարձրացմանն ուղղված ստեղծագործական ծրագրերի իրականացում:
Հայկական մշակույթի տարածման ու ճանաչելիության բարձրացման նպատակով Կարեն Կարապետյանը կարևորել է մշակույթի կապիտալիզացիան՝ ընդգծելով, որ պետք է մշակել համապատասխան մեխանիզմներ:
«Թատրոնները և մշակութային մյուս կառույցները պետք է ունենան ծրագիր՝ ինչպես պետք է կապիտալիզացնել, որակ փոխել և կառավարման մշակույթ ներդնել: Պետք է նման ծրագրերով առաջ գնանք», - ընդգծել է վարչապետը:
Կառավարության ղեկավարը կարևորել է նաև համաշխարհային մշակույթի տարածմանն ուղղված միջոցառումների անցկացումը Հայաստանում: