07/02/2017 12:53
IFC-ն 140 միլիոն դոլար արժողությամբ ֆինանսավորման փաթեթ է ներգրավել «Որոտանի ՀԷԿ-երի համալիր»-ի համար
Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) ներգրավել է 140 միլիոն դոլարի չափով միջազգային ֆինանսավորման փաթեթ «Որոտանի ՀԷԿ-երի համալիր»-ի համար։
Սա Հայաստանի էներգետիկ ոլորտի առաջին ամենախոշոր միջազգային պարտքային ֆինանսավորման փաթեթն է:
Ֆինանսավորումը կտրամադրվի «Կոնտուր Գլոբալ» միջազգային ընկերության դուստր կազմակերպություն հանդիսացող «Կոնտուր Գլոբալ հիդրո կասկադ» միջազգային էներգետիկական ընկերությանը, որը 2015 թվականին ձեռք է բերել «Որոտանի ՀԷԿ-երի համալիրը»։
Ֆինանսավորման փաթեթը ներառում է 45 միլիոն դոլարի չափով վարկ IFC-ի սեփական միջոցներից և դրան զուգահեռ՝ 65 միլիոն դոլարի վարկ Գերմանական զարգացման բանկից, ևս 30 միլիոն դոլար՝ Գերմանիայի ներդրումների և զարգացման կորպորացիայից։
Վարկային միջոցներով Կոնտուր Գլոբալը հնարավորություն կունենա վերանորոգել 404 ՄՎտ հզորություն ունեցող «Որոտանի ՀԷԿ-երի համալիրը», որի շատ մասեր գրեթե չորս տասնամյակի հնություն ունեն։
Դրա արդյունքում ակնկալվում է արտադրել տարեկան 1,150 գիգավատտ-ժամում էներգիա, ինչը կօգնի պայքարել կլիմայի փոփոխությունների դեմ, կանխելով տարեկան մոտավորապես 55 000 տոննա ջերմոցային գազերի արտանետումը։
Ակնկալվում է, որ ֆինանսական օժանդակությամբ կխթանվի Հայաստանում էներգետիկ կայունությունը և լրացուցիչ 60 000 սպառողի կայուն կերպով մաքուր էներգիա կմատակարարվի։
Ի հավելումն վարկի, IFC-ն տրամադրել է նաև տոկոսային սվոփ, որը «Կոնտուր Գլոբալ հիդրո կասկադ» ընկերությանը կօգնի հեջավորել ֆինանսական փաթեթի տոկոսային ռիսկը, պաշտպանելով այն տոկոսադրույքի տատանումներից։
«Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիրը» բաղկացած է երեք հիդրոէլեկտրակայաններից, որոնց բաժին է ընկնում Հայաստանի էլեկտրահամակարգի սահմանված հզորությունների շուրջ 15%-ը։
2015 թվականին IFC-ն ձեռք բերեց «Կոնտուր գլոբալ հիդրո կասկադ» ընկերության բաժնետոմսերի փոքր փաթեթը՝ հաջակցություն կայացած միջազգային էներգետիկական մասնավոր ընկերության մուտքին Հայաստան և վերջինիս կողմից «Որոտանի ՀԷԿ-երի համալիրի» ձեռքբերմանը, գործարկմանը և վերականգնմանը նպաստելու նպատակով։