07/02/2017 21:20
Մինսկը քաղաքական շահերը վեր է դասում ժողովրդավարական նորմերից. ԼՂՀ ԱԳՆ
Բելառուսի Գերագույն դատարանի դատավճիռը, որն ուժի մեջ է թողնում հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինին քրեական հետապնդման նպատակով Ադրբեջանին հանձնելու որոշումը, ոչ միայն հանդիսանում է Ադրբեջանի կողմից իրականացվող օտարերկրյա քաղաքացիներին ահաբեկելու քաղաքականության ակնհայտ աջակցության դրսևորում, այլև ազատ տեղաշարժի և խոսքի ազատության հիմնարար իրավունքների կոպիտ ոտնահարում։
ԼՂՀ ԱԳՆ հայտարարում է, որ, մտադիր լինելով, ի պատասխան Բաքվի հայցի, Ադրբեջանին հանձնել Ալեքսանդր Լապշինին՝ շինծու և քաղաքականացված գործի հիման վրա, բելառուսական իշխանությունները ցուցադրում են, որ քաղաքական շահերը վեր են դասում ժողովրդավարական նորմերից, ինչպես նաև օրինականության և արդարության սկզբունքներից։