07/02/2017 20:43
Վարչապետը ֆիննախին առաջարկել է ձևակերպել այն դաշտը, որտեղ ՊԵԿ-ը պետք է ստվերը բերի սպիտակ դաշտ
ՀՀ ֆինանսների նախարարությունը 2017 թ-ին ներդնելու է արտաքին ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի մոնիտորինգի և կոորդինացման համակարգ` պետական բյուջեին համահունչ ծրագրերի իրականացման նպատակով, ասել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ ներկայացնելով կառավարությունում գնահատված կատարողականների և գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունը։
Նախատեսվում է ստեղծել համաձայնեցված արտաքին ֆինանսավորմամբ ծրագրերի տվյալների բազա:
Վարչապետը, անդրադառնալով Ֆինանսների նախարարության 2017 թ. անելիքներին, նշել է, որ ֆինանսական հոսքերը և ծախսերն անհրաժեշտ է կառավարել կոշտ և կտրուկ:
Կարեն Կարապետյանի խոսքով՝ վարկային միջոցների օգտագործման մասով պետք է ձևակերպել հստակ հայտանիշեր:
«Ունեք բավական հետաքրքիր մակրո և ոչ մակրո վերլուծություն, որի հիման վրա առաջարկում եմ հստակ ձևակերպել այն դաշտը, որտեղ ՊԵԿ-ը պետք է ստվերը բերի սպիտակ դաշտ, որպեսզի հավասարաչափ բոլորի վրա բեռը չտարածի: Մեր վիճակագրական տվյալների վերլուծության մեջ բազմաթիվ խնդիրներ և կարմիր լամպեր կան, որոնք մեզ հուշում են՝ ուր գնանք, ինչ անենք», - ասել է վարչապետը։