07/02/2017 19:38
Ռիչարդ Կլայդերմանը համերգով հանդես կգա Երևանում
Մարտի 18-ին՝ ժամը 19-ին, կանանց միամսյակի առթիվ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում տեղի կունենա ֆրանսիացի հանրահայտ դաշնակահար Ռիչարդ Կլայդերմանի և Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը:
Համերգի ընթացքում կհնչեն նաեւ դաշնակահարի հանրահայտ եւ սիրված Show time Murmurs, L for Love, Chariots of fire, Ballade pour Adeline, Corazon de Nino, Love at first sight, Childhood memories, Cinema Paradiso, Spartacus, Romeo and Juliet, Blue Rondo, America և այլ ստեղծագործությունները:
Դասական, էթնիկ և ֆիլմերի երաժշտության գործիքավորող, կատարող դաշնակահար Ռիշար Կլայդերմանը ծնվել է 1953 թ-ին Փարիզում: Դաշնամուրի առաջին դասերը ստացել է երաժիշտ հորից` դեռ վաղ տարիքում, իսկ ընդամենը 12 տարեկանում արդեն կոնսերվատորիայի ուսանող էր:
Կլայդերմանը իր հիմնական ժամանակը նվիրել է կատարողական գործունեությանը: PauldeSennevile –ի գրած աշխարհահռչակ «Բալադ Ադելինի համար» ձայնասկավառակի թողարկումը նրան հանրահռչակ դարձրեց ողջ աշխարհում:
Ձայնասկավառակը վաճառվեց աշխարհի ավելի քան 30 երկրներում 22 մլն օրինակով: Կլայդերմանը ձայնագրել է ավելի քան 1300 մեղեդիներ, և ստեղծել նոր ռոմանտիկ ռեպերտուար, յուրօրինակ ոճով՝ միավորելով դասական եւ փոփ երաժշտությունը:
Հանաճանաչ դաշնակահարը նշվել է համաշխարհային ռեկորդների Գինեսի գրքում` որպես «the most successful pianist in the world» («աշխարհի ամենահաջողակ դաշնակահար»):