08/02/2017 12:55
Լապշինը պետք է դիմի ՄԻԵԴ. Կիրո Մանոյան
Բլոգրեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումն Ադրբեջան Բելառուսի կողմից հակահայ քաղաքականության շարունակությունն է, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:
«Սա Բելառուսի կողմից շարունակությունն է հակահայ մեղսակցության Ադրբեջանի հետ, որը մենք տեսել ենք և՛ ՀԱՊԿ-ում, և՛ ԱՊՀ որոշ ժողովների ընթացքում», - ասաց Կ. Մանոյանն` ընդգծելով Հայաստանը պետք է արտահայտի իր անհանգստությունն այս առումով:
«Լապշինի քայլերի տեսանկյունից հնարավորություն կա, որ ինքը դիմի Մարդու իրավունքների Եվրոպական դատարան և անհրաժեշտ է, որ այս հարցը մեր տեսանկյունից բարվոք լուծում ստանա, այլապես կարող է սպառնալիք լինել բոլորիս նկատմամբ», - հավելեց նա:
Ըստ նրա` Հայաստանը՝ որպես պետություն, այս հարցում այնքան էլ շատ անելիք չունի:
«Լապշինը Հայաստանի քաղաքացի չէ, Լեռնային Ղարաբաղը ՀՀ մաս չէ և ուրեմն Հայաստանը պետք է պարզապես հնարավորինս բարձրաձայնի իր անհանգստությունը, որ նման քայլերը ոչ մի ձևով խաղաղ կարգավորմանը չեն նպաստի: Պետք է խոսի հասարակությունը, քաղաքական շրջանակները: Ընդ որում, պետք է հավասարության նշան դնել Ադրբեջանի և Բելառուսի միջև, որովհետև այս հարցում երկուսն էլ նույնն բանն են անում», - ամփոփեց Կ. Մանոյանը: