08/02/2017 17:33
Հավասարակշռությունից դուրս եկած Ադրբեջանի նյարդերը տեղի են տվել. Էդվարդ Նալբանդյան
Լապշինին Ադրբեջանին արտահանձնելով՝ դեպի Արցախ մարդկանց հոսքը չի դադարի, նման կարծիք ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի այն առաջարկին, որ այս իրավիճակից պետք է օգուտ քաղել՝ մշակութային գործիչների այցը Արցախ ավելացնելով։
Պատգամավորը, մասնավորապես, հետաքրքրվեց ԱԳ նախարարից, թե ի՞նչ աշխատանքներ է տանում նախարարությունն այս ուղղությամբ։
«Դրանով մարդկանց հոսքը Արցախ չկանգնեց, ավելացավ և շարունակելու է աճել։ Բնականաբար, այս ուղղությամբ գործողություններ արվել են, արվում են և պետք է արվեն, բայց չեմ կարծում, որ այդ գործողությունների մասին պիտի հայտարարենք», - ընդգծեց Նալբանդյանը:
Նախարարը խորհուրդ տվեց ավելի զգոն լինել և չտրվել Ադրբեջանի սադրանքներին։
«Միգուցե Ադրբեջանը փորձում է այլ ուղղություններով վնաս հասցնել։ Հավասարակշռությունից դուրս եկած Ադրբեջանի նյարդերը տեղի են տվել, իսկ հիմա Ադրբեջանը փորձում է այլոց հավասարակշռությունից հանել, բայց մենք պետք է չտրվենք դրան, որպեսզի Ադրբեջանի ջրաղացին ջուր չլցնենք», - ընդգծեց Էդվարդ Նալբանդյանը։