08/02/2017 12:17
Արցախում լրագրողի աշխատանքը միշտ կհամարվի իրավաչափ. ՀՀ ՄԻՊ
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անդրադարձել է բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործին՝ նշելով, որ նրա ձերբակալումը և արտահանձնումը չի կարող որևէ նշանակություն ունենալ Արցախում լրագրողների ու իրավապաշտպանների աշխատանքի համար:
«Ալեքսանդր Լապշինի ձերբակալումը և նրա արտահանձնումը չի կարող որևէ նշանակություն ունենալ Արցախում լրագրողների ու իրավապաշտպանների աշխատանքի համար: Այդ աշխատանքը համարվել և միշտ կհամարվի իրավաչափ. սա է սկզբունքը:
Ա.Լապշինի արտահանձման փաստն ակնհայտորեն կապված է խոսքի ազատության նկատմամբ ոտնձգության հետ: Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնվելուց անմիջապես հետո ձեռնաշղթաներ կրող լրագրողին դիմակավորված ուժային անձանց կողմից ուղեկցումը ու դրա լայն լուսաբանումն արդեն իսկ վկայում են նրա նկատմամբ արգելված վերաբերմունքի ակնհայտ հատկանիշների մասին:
Միջազգային լրագրողների, իրավապաշտպանների կողմից այցելությունները Արցախ խթանելը, միջազային հանդիպումներին Արցախի ժողովրդավարական ինստիտուտների մասնակցությանը նպաստելը պետք է լինեն յուրաքանչյուրիս աշխատանքի հիմնարար ուղղություններից մեկը: Այդ ուղղությամբ հիմնարար աշխատանք տանելուն այլընտրանք չկա», - ասված է ՀՀ ՄԻՊ-ի հայտարարության մեջ։