08/02/2017 10:54
Ադրբեջանը նպատակ է հետապնդել նախադեպ ձևավորելով վախեցնել Արցախ այցելել ցանկացողներին. ԼՂՀ ՄԻՊ
Արցախի Օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործի առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ Լապշինի քրեական հետապնդումը նախաձեռնելով՝ Ադրբեջանը նպատակ է հետապնդել նախադեպ ձևավորելով լռեցնել Արցախի վերաբերյալ ազատ խոսքը և վախեցնել Արցախ այցելել ցանկացողներին
«Մարդու հիմնարար իրավունքների բուն էությանը հակասող մեղադրանքների հիման վրա հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինին շուրջ երկու ամիս անազատության մեջ պահելուց հետո՝ փետրվարի 7-ին, Բելառուսը նրան հանձնել է Ադրբեջանին:
Լապշինի քրեական հետապնդումը նախաձեռնելով՝ Ադրբեջանը նպատակ է հետապնդել նախադեպ ձևավորելով լռեցնել Արցախի վերաբերյալ ազատ խոսքը և վախեցնել Արցախ այցելել ցանկացողներին:
Այնուհանդերձ, Ադրբեջանին չի հաջողվելու Լապշինի գործը դարձնել իրավական նախադեպ, քանի որ դրա հիմքում ընկած փաստարկումը մերժելի է ժողովրդավարական բնույթ ունեցող որևէ պետության կամ հաստատության համար: Ավելին, Լապշինի գործը դառնալու է հակադարձ նախադեպ` մեծացնելով մարդու իրավունքների գաղափարախոսությանն ազնվորեն նվիրված իրավապաշտպանների, խոսքի ազատությանն ազնվորեն նիրված լրագրողների հետաքրքրությունն Արցախի նկատմամբ: Սփյուռքի կառույցներին, հայկական իրավապաշտպան ու լրագրողական համայնքներին կոչ եմ անում ներգրավվել Լապշինի գործը հակադարձ նախադեպ դարձնելու գործընթացին», - ասված է ԼՂՀ ՄԻՊ-ի հայտարարության մեջ։