08/02/2017 12:22
Լապշինի արտահանձնումն Ադրբեջանին խայտառակ ու կեղտոտ գործարք է. Էդուարդ Շարմազանով
Բելառուսի կողմից բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումն Ադրբեջանին խայտառակ ու կեղտոտ գործարք է՝ ուղղված ՀԱՊԿ անդամ երկու երկրների դեմ, այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
«Սա քայլ է, որն ուղղված է ՀԱՊԿ-ի երկու դաշնակիցների դեմ, այս գործարքը ոչ Ռուսաստանի, ոչ էլ Հայաստանի շահերից չի բխում։ Ռուսաստանն էլ էր արձագանքել, որ դեմ է Լապշինի արտահանձնմանը։ Մենք մշտապես խոսել ենք, որ ԼՂ կարգավորման գործընթացը բացառապես խաղաղ տրամաբանությունից պիտի բխի և երկու պետությունների միջև այս կեղտոտ գործարքը չի բխում տարածքային խաղաղության տրամաբանությունից», - ընդգծեց նա։
Է. Շարմազանովն ընդգծեց, որ ինքը՝ որպես միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ, ցանկություն չունի սեղանի շուրջ բանակցությունների նստել մի երկրի հետ, որի քայլը չի բխում բարեկամական սկզբունքներից։
«Կասկած չունեմ, որ հայկական կողմը, մեր պառլամենտական գործիչները կբարձրացնեն այս հարցը։ Պաշտոնական Երևանն արդեն արձագանքել է։ ԱԳՆ խոսնակը ևս խիստ արձագանք է տվել», - նշեց նա։