09/02/2017 16:34
Ադրբեջանի նպատակը ոչ այնքան Լապշինին տարիներով իր խցերում պահելն է, որքան ցուցադրել իր մկանները. Խոսրով Հարությունյան
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնման և դրա հետ կապված Հայաստանի հետագա քայլերի մասին Aysor.am-ի թղթակիցը զրուցել է ՀՀ ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանի հետ։
- Պարոն Հարությունյան, երեկ Բելառուսում ՀՀ դեսպանն ասել էր, որ Լապշինի արտահանձնումը միանձնյա որոշում է և ողջ Բելառուսը չի կիսում այդ կարծիքը։
- Ես չեմ կարող մեկնաբանել դեսպանի խոսքը։ Ինքն այնտեղ է, երևի թե ավելի լավ է պատկերացնում իրողությունը։ Սա հավանաբար խոսում է այն մասին, որ Բելառուսի նախագահն ինքն էր որոշում կայացրել։ Մի բան ակնհայտ է՝ բացի այն, որ Բելառուսը այս որոշմամբ ոտնահարեց Սահմանադրությունը, միջազգային իրավունքի նորմերը, այլ նաև լինելով ՀԱՊԿ նախագահող երկիր՝ նույնիսկ գնաց ՀԱՊԿ կանոնադրությանն ու պայմանագրին հակառակ։ Իսկ դրանցում հստակ սահմանված է, որ կողմերը պետք է ձեռնպահ մնան այնպիսի քայլերից, որոնք կարող են ՀԱՊԿ անդամ պետությունների հանդեպ արտաքին նոր մարտահրավերներ ու սպառնալիքներ առաջացնել։ Սրանով Լուկաշենկոն նպաստեց հակասության խորացմանը՝ զրոյացնելով Մինսկի խմբի համանախագահողների ջանքերը։ Այս արարքը դեռևս քննարկումների առարկա կդառնա։ Չեմ կարծում եմ, որ Ռուսաստանը կթողնի սա անպատասխան։ ՌԴ-ն չի հաշտվի այն մտքի հետ, որ իր երկրի քաղաքացուն իր կամքին հակառակ արտահանձնել են։
- Այս պարագայում ճի՞շտ եք համարում Բելառուսից ՀՀ դեսպանի հետկանչը։
- Խոսքը դեսպանին հետ կանչելու մասին չէ, խոսքը նրան ժամանակավորապես հետ բերելու մասին է։ Սա միջազգային դիվանագիտական պրակտիկայում տարածված մոտեցում է։ Երբ պետությունների միջև հարաբերությունները սրվում են, պետությունները կարող են հետ կանչել իրենց դեսպանին՝ ժամանակավորապես խորհրդակցելու համար։ Բայց դիվանագիտական հարաբերությունների խզումը ծայրահեղ քայլ է, որևը որևէ արդյունք չի տա։
- Երեկ խորհրդարանում հնչեց կարծիք, որ Լապշինը որոշ հայտարարությունների դիմաց ազատ կարձակվի, համամի՞տ եք։
- Գիտեք, կարծում եմ՝ Ադրբեջանի նպատակը ոչ այնքան Լապշինին տարիներով իր մոտ խցերում պահելն է, որքան ցուցադրել իր մկանները, ցուցադրել, որ տեսեք՝ ես սա կարող եմ անել, ինչպես բերեցի Ռամիլ Սաֆարովին, այնպես էլ բերեցի Լապշինին։ Անկասկած, Ադրբեջանի քայլը միջազգային հանրությանը դեմ է ուղղված։ Այսպիսով Ադրբեջանն իր ներքին խնդիրներ է լուծում։ Ալիևը պարզապես փորձում է պահել իր քաղաքական դեմքը։