10/02/2017 09:45
Վերահսկիչ պալատի աթոռի համար մրցավազք է սկսել. ՀԺ
Երեկ Ազգային ժողովի նիստի մեկնարկին ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հայտարարեց, որ ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը զբաղեցրած պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին:
Եթե 15-օրյա ժամկետում Զաքարյանը հետ չվերցնի իր դիմումը, այն կհամարվի ընդունված: Իշխան Զաքարյանի հրաժարականից հետո ՎՊ նախագահի պաշտոնի համար մրցավազքն արդեն սկսվել է: Դեռ շաբաթներ առաջ հայտնի էր, որ Իշխան Զաքարյանը կարող է հրաժարական տալ, քանի որ լինելու է Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբի պետը: Եվ երեկ ԱԺ-ում նրա հրաժարականի վերաբերյալ դիմումի ներկայացումից հետո արդեն քննարկվում էր հարցը, թե ովքեր են այդ պաշտոնին հավակնող թեկնածուները:
«Հայկական ժամանակ»-ի փոխանցմամբ՝ երեք հավանական թեկնածուների անուններ են շրջանառվում: Նախ՝ այդ պաշտոնին ձգտում է ՀՅԴ-ն, որի թեկնածուն ՎՊ խորհրդի նախագահի տեղակալ Արա Նռանյանն է: Թերթը փորձել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից մեկնաբանություն ստանալ, բայց նա հրաժարվել է անգամ հարցը լսել: Թեկնածու են նաև ՎՊ խորհրդի անդամ Սեյրան Ավագյանն ու այդ խորհրդի նախկին անդամ, էներգետիկայի նախկին նախարար Լևոն Յոլյանը: