10/02/2017 11:08
Լուկաշենկոն վարձահատույց եղավ
Այս օրերին քաղաքական և հասարականան շրջանակներում ամենաքննարկվող թեման Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու վերաբերյալ Բելառուսի իշխանության որոշում էր:
Բելառուսի իշխանությունների արարքը որակվեց որպես կեղտոտ գործարք, որը հակասում է միջազգային իրավունքի բոլոր նորմերին: Երեկ էլ պարզվեց, որ այդ գործարքը ամբողջովին հիմնված է կեղծիքի ու ստի վրա: Բանն այն է, որ ի հեճուկս Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը, թե Լապշինը որոնվել է Ինտերպոլի կողմից և նրանք չէին կարող վերջինիս չարտահանձնել Ադրբեջանին, ի պատասխան Հայաստանի ոստիկանության հարցմանը Ինտերպոլի գլխավոր քարտուղարությունից հայտնել են, որ Ալեքանդր Լապշինը Ինտերպոլի հաշվառումներով երբեք չի անցել, միջազգային հետախուզման մեջ երբեք չի եղել։
Նշենք, որ 2016 թ-ի նոյեմբերին Իլհամ Ալիևը շքեղ ընդունելություն էր կազմակերպել Լուկաշենկոյի պատվին, որի ընթացքում Իլհամ Ալիևը Բելառուսի նախագահին իր հոր`Հեյդար Ալիևի անունը կրող շքանշանով էր պարգևատրել: Հանրության կողմից այդ շքանշանը որակվեց որպես ավանս Լուկաշենոյին՝ Լապշինին արտահանձնելու գործարքը իրողություն դարձնելու համար: Իսկ Բելառուսի նախագահը, բռնապետներին վայել համառությամբ, կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը, վարձահատույց եղավ Ալիևին:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է 2016-ի դեկտեմբերին Մինսկում՝ Ադրբեջանի պահանջով, որտեղ նա ներառված է «սև ցուցակում» ԼՂՀ այցելության համար: Նման անձանց մուտքն Ադրբեջան արգելվում է, Լապշինը, սակայն, 2015-ին Վրաստանի տարածքով և Ուկրաինայի քաղաքացու անձնագրով մտել էր Ադրբեջան այն բանի շնորհիվ, որ նրա անվան գրության մեջ տառի տարբերություն կա։ Ուկրաինական անձնագրում գրված է «Օլեկսանդր»։ Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի նկատմամբ հետախուզում էր հայտարարել՝ «Պետական սահմանի մասին» օրենքը խախտելու համար: Ալեքսանդր Լապշինին 8 տարվա ազատազրկում է սպառնում: