10/02/2017 00:04
Ադրբեջանը փորձում է տապալել միջազգային հանրության միջնորդական ջանքերը. ՀՀ ԱԳՆ
Ադրբեջանի նախագահը, հայտարարելով, որ ապրիլյան ռազմական գործողությունները և շփման գծի երկայնքով լարվածության պաhպանումը Ադրբեջանի ներքին գործն է, ոտնահարում է միջազգային հանրության խաղաղասիրական ջանքերը և ձեռնոց նետում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին, ասել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։
Նա հիշեցրել է, որ Ադրբեջանը ստորագրել է 1994թ. ռազմական գործողությունների դադարեցման և 1995թ. զինադադարի ռեժիմի ամրապնդման անժամկետ համաձայնագրերը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի հետ:
«Կամ Ադրբեջանը, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը համարելով իր ներքին գործը, ձևացնում է, որ մասնակցում է Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ընթացող բանակցություններին, կամ մասնակցում է բանակցություններին՝ ձևացնելով, որ դա իր ներքին գործն է: Երկու դեպքն էլ ուղղված են միջազգային հանրության միջնորդական ջանքերի տապալմանը», - մեջբերել են Շ.Քոչարյանի խոսքերը ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Նա ընդգծել է, որ, եթե Ադրբեջանի ղեկավարությունը հանդես է գալիս նմանատիպ հայտարարություններով, չգիտակցելով այդ ամենը, դա չի ազատում նրան ապրիլյան ագրեսիայի ընթացքում իր կողմից իրականացված ռազմական հանցագործությունների համար պատասխանատվությունից:
Շ.Քոչարյանը նաև ասել է, որ միջազգային հանրությունը և միջնորդական առաքելության մանդատ ունեցող Մինսկի խմբի համանախագահող երկրները բազմիցս հանդես են եկել կոչերով անշեղորեն առաջնորդվել վերոնշյալ համաձայնագրերով, պահպանել կրակի դադարեցման ռեժիմը և Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարգավորել բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով:
«Ակնհայտ է, որ 2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողությունների վերսկսումը հանդիսանում է վերոնշյալ համաձայնագրերով Ադրբեջանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կոպիտ ոտնահարում, Մինսկի խմբի համանախագահող երկրների կոչերի բացահայտ արհամարհում և ագրեսիա ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ», - նշել է ՀՀ փոխարտգործնախարարը։