10/02/2017 13:23
Գիրքը նպաստում է ճիշտ կերպարաընկալում ունենալուն. Գրական զրույց՝ Հրանուշ Հակոբյանի հետ
Հասարակության, մասնավորապես, երիտասարդության շրջանում գիրք կարդալու ցանկությունը խթանելու նպատակով Aysor.am-ը շարունակում է ընթերցանությանը նվիրված շարքը: Ճանաչված քաղաքական գործիչները պատմում են սիրված գրքերի, գրական հերոսների մասին:
Aysor.am-ի հարցերին պատասխանել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
- Ո՞րն է Ձեր ամենասիրած գիրքը:
- Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմը և «Մարդը ափի մեջ» ժողովածուն:
- Կա՞ այդպիսի գիրք կամ հերոս, որ կարողացել է փոխել Ձեր ներաշխարհը:
- Դեյլ Քարնեգիի «Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդել մարդկանց վրա»: Գիրքը մարդկանց հետ հարաբերվելու կանոնների մասին է:
- Դրակա՞ն, թե՞ բացասական հերոսներն են, ըստ Ձեզ, հետաքրքիր:
- Առավելապես դրական, բայց բացասական հերոսներն էլ ունեն ճանաչողական նշանակություն:
- Ո՞րն է Ձեր կարդացած վերջին գիրքը:
- Հայ գրող Մարկ Մուստյանի «Ժանդարմը» վեպը, որ լույս է տեսել ԱՄՆ-ում:
- Ձեր գրապահարանում ո՞ր ժանրի գրքերն են գերակշռում:
- Հայ գրականության դասականների ժողովածուները, իրավագիտությանը վերաբերող գրքերը և պատկերագրքերը:
- Տպագի՞ր, թե՞ էլեկտրոնային գրքեր եք նախընտրում:
- Տպագիր:
- Ըստ Ձեզ՝ ինչու՞ են հիմա քիչ կարդում: Արդյոք գիրքը կորցնում է իր արժեք:
-Կարծում եմ՝ պատճառը տեղեկատվական տարափը և էլեկտրոնային միջոցների առատությունն ու մատչելիությունն է, ժամանակ քիչ է մնում գիրք կարդալու համար: Բայց գիրքը չի կորցնում իր կարևորությունը և արժեքը, քանի որ գիտելիքների փոխանցման, ճանաչողության ընդլայնման լավագույն և միակ միջոցն է:
- Ի՞նչ մեջբերում կհիշեք, որ առավել տպավորվել է:
- «Ժպիտը դժվար չէ, բայց շատ թանկ է»:
- Ի՞նչ գիրք խորհուրդ կտայիք հայ երիտասարդությանը:
- Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հարյուր տարվա մենություն» և սփյուռքահայ գրող, հրապարակախոս Հակոբ Պալյանի «Ամերիկա, Ամերիկա, երազ և խորտակման ուղիներ» գրքերը:
-Կնշեք այն առաջնային պատճառները, որոնց համաձայն՝ քաղաքական գործիչը պետք է կարդացած լինի:
- Լայն մտահորիզոն, գիտելիքի պաշար, վերլուծական կարողություններ ունենալու, կյանքում ժամանակային կապը՝ անցյալի, ներկայի և ապագայի միջև զգալու, ճիշտ կերպարաընկալում ունենալու համար: