11/02/2017 18:44
«Էկվի Վալենտ». Գարիկ Հովհաննիսյանի՝ սիրո տոնին նվիրված ներկայացումը Ուլիխանյան ակումբում
Հայ առաքելական եկեղեցին փետրվարի 11-ին նշում է սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը: Երիտասարդներն այդ օրվան առանձնակի ջերմեռանդությամբ են պատրաստվում՝ երեկոյան աղի բլիթի համտեսում, գիշերային երազներում էլ՝ սպասում, թե երբ վերջապես կգա նա, ով չի զլանա ու մի բաժակ ջուր կտա իրեն՝ այդկերպ հուշելով, որ հենց ինքն է լինելու երազ տեսնողի կյանքի միակ ու սպասված ընկերը:
Սակայն արի ու տես, որ ինչպես իրական կյանքում սիրո համար պատերազմողներ են լինում, սիրո տոնն էլ միայնակ ու խաղաղ չի լինում. կաթոլիկ աշխարհի սիրո հովանավոր Վալենտինն ամեն տարի կանգնում է Սարգսի ճանապարհին ու երկընտրանքի մեջ գցում սիրահարված երիտասարդներին…
Այս թեման իրենց աշխատություններում ու գործերում չեն անտեսում նաև արվեստագետները: Հենց այդ նպատակով էլ երիտասարդ դերասան Գարիկ Հովհաննիսյանը Ուլիխանյան ակումբում փետրվարի 11-ին և 13-ին՝ ժամը 21:00-ին, որոշել է հանդիպում կազմակերպել՝ թեման ՍԻՐՈ տոնն է, հերոսները՝ սիրո ջատագովները:
«Սա ինտերակտիվ ուղղությամբ հանդիպում-ներկայացում է: Ներկայացման հիմնական թեման Սուրբ Սարգսի և Սուրբ Վալենտինի տոներն են… Իմ մոտ հարց էր առաջացել, թե ի՞նչն է պատճառը, որ մենք գրեթե բոլոր տոներից երկու հատ ունենք՝ Անկախության տոներ, Մայրության ու գեղեցկության տոներ, Սիրո տոներ… Այս ամենից ես տխրեցի՝ գիտակցելով, որ սիրո այնքան մեծ պակաս ունենք, որ մեզ երկու Սիրո տոն է պետք, որպեսզի չմոռանանք՝ սեր կա մեր կյանքում: Մի տեսակ արհեստական մոտեցում կա, որը լիովին ծածկում է այն, ինչ մեր մեջ է տեղի ունենում… Վերջերս մի հոդված կարդացի հնդկական շրջաններից մեկի մասին, որտեղ մարդիկ հեռու են կրոնից, քաղաքականությունից ու բազում տոներից: Բայց հենց այդ մարզում աշխարհի ամենաերջանիկ մարդիկ են ապրում», - Aysor.am-ի հետ զրույցում նշեց Գ. Հովհաննիսյանը:
Դերասանի վստահեցմամբ՝ երջանկության ու ներդաշնակության համար մեզ շատ բան պետք չի, առավելևս՝ արհեստական տոներ:
«Իմ համոզմունքն է՝ եթե մենք պետականության շատ բարձր գիտակցություն ունենանք, անկախության տոն նշելը երկրորդական կդառնա: Եթե մեր ամեն օրը սիրով ապրենք, կմոռանանք, որ այն տոն դարձնելու կարիք կա: Ի վերջո, տոնը, ինչպես ծննդյան օրը, հիշեցում է: Ցավում եմ, որ այնքան շատ է սիրո պակասն ու կարիքը, որ բավական չէ՝ երկու տոն կա, մի բան էլ՝ պայքար կա նրանց մեջ: Թող այնքան շատ լինի սերը, այնքան ճիշտ չափաբաժնով, անկեղծ ու օրգանական, որ երբեք կախված չլինենք տոներից: Կլինեն այդ տոները, թե ոչ՝ մեզ համար պետք է նշանակություն չունենա: Եթե մեր ամեն մի օրը սեր լինի, բիզնեսին չենք տրվի: Չէ՞ որ տոնն ինքնին բիզնես է, բայց դա արդեն ուրիշ թեմա է… Անձամբ ես ուզում եմ այնպես ապրել, որ այդ տոներին մեծ կարևորություն չտամ», - ընդգծեց մեր զրուցակիցը:
1-1:30 ժամ տևողությամբ ներկայացումը կոչվում է «Էկվի Վալենտ», որը թարգմանաբար նշանակում է համազոր, հավասարազոր: Ներկայացման ընթացքում բեմում Գարիկ Հովհաննիսյանից բացի այլ դերասաններ չեն լինելու, բայց պատմությունն ամբողջական ու հետաքրքիր դարձնելում նրան օգնել է հանդիսատեսը:
Յուրաքանչյուր ստեղծագործության, պիեսի մեջ կան դրական ու բացասական, հաղթող ու պարտվող հերոսներ: Հարցին, թե ո՞վ կհաղթի «Էկվի Վալենտում», մեր զրուցակիցը պատասխանեց.
«Սուրբ Սարգսի և Սուրբ Վալենտին պատմությունների հիման վրա է գրվել սցենարը, բայց այստեղ իրենց մեջ ոչ մի պայքար չկա: Մի փոքր ներկայացնելով պատմությունն՝ ասեմ. Վելենտինը դատապարտված է, դահիճը պատրաստվում է մահապատիժ իրականացնել, դահճի աղջիկն էլ սիրահարված է Վալենտինին: Ու քանի որ Սարգիսը սիրահարներին փրկող սուրբն է, շտապում է Վալենտինին փրկելու… Ինչ վերաբերում է դերասաններին, ներկայացման, այսպես ասած, թատերախումբը հենց տեղում է հավաքվելու՝ հանդիսատեսի շարքերից: Հանդիսատեսը բեմում է հայտնվելու, ու իր առջև որոշակի առաջադրանքներ են դրվելու: Իհարկե, դա ցանկությամբ է լինելու և ոչ թե պարտադրանքով… Չեմ ուզում փակագծերն ամբողջովին բացել, բայց կարծում եմ՝ բավական հետաքրքիր երեկո է սպասվում», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Գարիկ Հովհաննիսյանը:
Aysor.am-ը շնորհավորում է բոլոր սիրահարներին, մաղթում, որ յուրաքանչյուրի կյանքում սերը միշտ պաշտպանված ու փայփայված լինի: Թող ամեն մի օրը ՍԻՐՈ տոն լինի…