13/02/2017 14:40
Բաքուն գովազդելու համար պետական մակարդակով փնտրում են պատահական հայերի. Իսկանդարյան
Ադրբեջանում Բաքուն գովազդելու համար պետական մակարդակով փնտրում են պատահական հայերի, լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ, Կովկաս ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Սա քարոզչական պետական ծրագիր է՝ իմիջ ձևավորող հատկություններով: Ծրագիրը բավականին խոցելի է: Այն, ինչ արվում է, ադրբեջանական պետության թուլության բացահայտ դրսևորում է: Դա արվում է կենտրոնից, հատկացվում են գումարներ, որպեսզի աշխարհով մեկ փնտրեն անաշխատունակ, սահմանային հոգեկան խնդիրներ ունեցող հայերի, ինչպես նաև երիտասարդ բանաստեղծների, տատիկների և այլոց, ովքեր կգովաբանեն Բաքուն», - նշեց Ա. Իսկանդարյանը:
Սակայն, քաղաքագետի խոսքով, այդքան էլ ամեն բան հարթ չէ այս ծրագրում. պատճառն Ադրբեջանում «յան»-ով վերջացող ազգանուններն են:
«Մի կողմից, մենք բերում ենք մարդկանց, ովքեր պատմում են, թե ինչ լավն է Բաքուն, մյուս կողմից՝ «յան»-ով վերջացող ազգանունով ռուս երեխայի կանգնեցնում են սահմանին և հետո դուրս հանում: Եթե Ադրբեջանն այդքան լավն է, ինչու՞ այնտեղ հայերի մուտքը չի թույլատրվում: Վերջերս ոմն չերքեզ՝ Սուֆյան անունով ստիպված էր եղել մի քանի ժամ սպասել Բաքվի օդանավակայանում: Նաև չէին ցանկանում թողնել Կոգան ազգանունով մեկի, ում ազգանունը շփոթել էին «Կոգյան»-ի հետ», - հավելեց քաղաքագետը: