13/02/2017 12:53
Ես վստահ էի, որ իմ ժամանակը կգա. Հենրիխ Մխիթարյանի հարցազրույցը՝ BBC-ին
«Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Manchester United Foundation»-ի շրջանակում Մանչեսթերի դպրոցներից մեկը կատարած այցելության ժամանակ BBC-ի հետ հարցազրույցում խոսել է անցած ուղու և անգլիական ակումբում հարմարվելու մասին:
- Դուք այնքան շատ լեզուների եք տիրապետում, հստակ քա՞նի լեզու գիտեք:
- Կսկսեմ իմ մայրենի լեզվից՝ հայերենից: Հետո ես սովորել եմ ռուսերեն, քանի որ տատիկս ռուս է: Անգլերեն սովորել եմ դպրոցում, իսկ ֆրանսերեն՝ Ֆրանսիայում ապրելու տարիներին: Երբ 4 ամիս անցկացրեցի Բրազիլիայում, սովորեցի նաև պորտուգալերեն: Գերմաներենին էլ ծանոթացա «Բորուսիայում» հանդես գալու ընթացքում:
- Դուք հայ եք: Պատմեք, ինչպե՞ս ստացվեց աճ գրանցել Հայաստանում:
- Դա շատ բարդ էր: Երբ ես ապրում էի Հայաստանում, երկրում շատ խնդիրներ կային մեր հարեւան երկիր Ադրբեջանի հետ: Դա իսկական պատերազմ էր, և ֆուտբոլիստ դառնալն ու արտասահման մեկնելը շատ դժվար էր, քանի որ բոլոր քաղաքացիների պես պարտավոր էի ծառայել բանակում:
- Դուք եղե՞լ եք զինվորական:
- Այո, ես անցել եմ դրա միջով:
- Ձեր հայրը մահացավ, երբ Դուք երեխա էիր: Ինչպե՞ս դա անդրադարձավ Ձեզ ու Ձեր ֆուտբոլային ամբիցիաների վրա:
- Ես գիտակցեցի դա, երբ խաղում էի Ուկրաինայում: Ես ինձ վրա պատասխանատվություն վերցրեցի օրինակ դառնալ ոչ միայն ընտանիքիս, այլեւ ամբողջ Հայաստանի եւ աշխարհի բոլոր հայերի համար: Ես փորձում եմ օրինակ ծառայել և դառնալ կարևոր ֆիգուր իմ երկրի համար:
- Ձեզ «Բորուսիա» տարավ Յուրգեն Կլոպը: Պատմեք նրա հետ աշխատանքի մասին:
- Ես երախտապարտ եմ նրան, որ ինձ հայտնաբերեց «Շախտյորում» եւ շատ բան արեց, որպեսզի դառնամ ավելի լավը: Կլոպն աշխատում էր իմ անհատականության որակների ու հոգեբանական պատրաստվածության վրա, քանի որ ես ճնշված վիճակում էի՝ մեր մի քանի անհաջող խաղերից հետո: Շնորհակալ եմ նրան, որ ցույց տվեց ինձ՝ ինչ անել և ինչպես դուրս գալ այդ վիճակից:
- Դուք կարող էիք «Բորուսիայի» հետ Չեմպիոնների լիգային մասնակցել այս մրցաշրջանում: Ի՞նչը Ձեզ հրապուրեց «Մանչեսթեր Յունայթեդում»:
- Իհարկե, Չեմպիոնների լիգայում խաղալը երջանկություն է, սակայն կան այդ մրցաշարին մասնակցելուց ավելի կարևոր բաներ: Պարզապես ցանկանում էի նոր մարտահրավեր նետել ինքս ինձ: Գիտեք, չեմ ցանկանում կարիերաս ավարտելուց հետո նստել բազկաթոռին եւ մտածել, որ բաց եմ թողել այդպիսի հնարավորություն: «Մանչեսթեր Յունայթեդն» աշխարհի մեծագույն ակումբներից է, անկախ նրանից՝ խաղում է Չեմպիոնների լիգայում, թե ոչ: Ես չէի կարող բաց թողնել այստեղ խաղալու հնարավորությունը:
- Ի՞նչ կասեք Ժոզե Մոուրինյոյի հետ աշխատելու մասին:
- Սկզբում մենք ունեինք ոչ թե խնդիրներ, այլ ոչ մեծ դժվարություններ: Դա հեշտ չէր, քանի որ դու ունես նոր մարզիչ: Դու փորձում ես հարմարվել նոր պահանջների, նոր թիմի, մարզումային նոր գործընթացի: Հետո, սկսած նոյեմբերից, մենք սկսեցինք հաղթել:
- Նա ասել է, որ փորձում էր պաշտպանել Ձեզ մրցաշրջանի սկզբում:
- Այդ շրջանում ես չէի հուսահատվում, եթե նույնիսկ չէի խաղում: Եթե ես զայրանայի ու հուսահատվեի, ապա այլեւս ոչինչ չէր օգնի ինձ: Այդ պատճառով շարունակում էի մարզվել և սպասել իմ շանսին: Ես վստահ էի, որ իմ ժամանակը կգա եւ կստանամ եւս մեկ հնարավորություն: Յուրաքանչյուրն այս կյանքում ստանում է իր շանսը, սակայն ոչ բոլորն են օգտագործում դա: