13/02/2017 14:14
ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ Երևանում, Վանաձորում և Գյումրիում կցուցադրվի ամերիկյան 33 ֆիլմ
ԱՄՆ դեսպանատանը մեկնարկել է ամերիկյան ֆիլմերի ցուցադրություն` «Մարդկային պատմությունների խճանկար» խորագրի ներքո: Առաջիկա երկու ամիսների ընթացքում հայ հանդիսատեսին կներկայացվի ամերիկյան 33 ֆիլմ, տեղեկացնում են ԱՄՆ դեսպանատան լրատվական ծառայությունից:
Առաջին ցուցադրությունը կլինի փետրվարի 13-ին: «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվի մրցանակակիր «Կարմիր սրտերի Ջեքը» ֆիլմը:
«Ֆիլմերը մեզ տեղափոխում են մի նոր աշխարհ, մեզ ներկայացնում այլ մոտեցումներ, օգնում հասկանալ մեզ շրջապատող աշխարհը», - ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:
Ցուցադրությունների շրջանակում մեկ շաբաթով Հայաստան է ժամանում նաև «Կարմիր սրտերի Ջեքը» ֆիլմի ռեժիսոր, մրցանակակիր Ջանեթ Գրիլոն, ով քննարկումներ կունենա հանդիսատեսի հետ:
Ամերիկյան ֆիլմերի ցուցադրությունը կշարունակվի մինչև մարտի 31-ը. կներկայացվեն թե՛ գեղարվեստական, թե՛ վավերագրական ֆիլմեր: Ֆիլմերը կցուցադրվեն Երևանում, Գյումրիում ու Վանաձորում:
Ցուցադրություններում ընդգրկված ֆիլմերում անդրադարձ է կատարվում այնպիսի հարցերի, ինչպիսիք են՝ հաշմանդամությունը, ծաղրն առցանց տիրույթում, բնապահպանությունը, ծրագրավորման ոլորտում առկա գենդերային բացը, մշակույթի ու խոհանոցի միջև կապը: Բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է:
Ֆիլմերի ցուցադրմանը զուգընթաց «Մարդկային պատմությունների խճանկարի» շրջանակում նախատեսվում է երիտասարդ հայ վավերագրողների համար անցկացնել մեկ շաբաթ տևողությամբ դասընթաց ֆիլմերի մոնտաժման վերաբերյալ, որը կվարի մոնտաժի օսկարակիր վարպետ, ինչպես նաև տարբեր մրցանակների արժանացած ռեժիսոր, պրոդյուսեր, գրող և կինոգործիչ Դագ Բլաշը:
«Հայերն այնքան հուզիչ պատմություններ կարող են էկրանավորել, և հիանալի է, որ մեր հարգարժան հյուրերն այդքան շատ ժամանակ են անցկացնելու երիտասարդ հայ ռեժիսորների հետ: Նպաստելով նրանց հմտությունների կատարելագործմանը՝ մենք հուսով ենք, որ կինոարվեստի նոր սերնդի հայաստանյան գործիչները կկարողանան առավել վստահ ներկայացնել իրենց պատմությունները հայ ու միջազգային հանդիսատեսին», - ասել է դեսպան Միլսը: