13/02/2017 11:30
«Հաց բերողի» կալանավորումը «բլոկադայի ենթարկելու» ակցիա է. Փաշինյանին ու Մարուքյանին թույլ չեն տվել տեսակցել նրան (Տեսանյութ)
ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին և Էդմոն Մարուքյանին թույլ չեն տվել Դատապարտյալների հիվանդանոցում տեսակցել «հաց բերող» Արթուր Սարգսյանին:
«Մեզ կրկին հնարավորություն չտրվեց տեսակցել Արթուր Սարգսյանին կամ տեսնել, թե ինչ պայմաններում են պահում նրան՝ պատճառաբանելով, որ քննիչը տեսակցություններն արգելող որոշում է կայացրել», - Facebook-ի իր էջում հայտնել է Նիկոլ Փաշինյանը` տեղադրելով տեսանյութ:
«Այնտեղ նկարագրվում է, որ Արթուր Սարգսյանը՝ գտնվելով ազատության մեջ, կարող է կապ հաստատել իր ենթադրյալ հանցակիցների հետ և դա կարող է բացասական ազդեցություն ունենալ քննության համար: Սակայն Արթուր Սարգսյանը մեկ ամիս ազատության մեջ էր և, եթե նման գործողություն անելու լիներ, արդեն վաղուց արած, վերջացրած կլիներ», - ասել է Նիկոլ Փաշինյանը:
Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Արթուր Սարգսյանի առողջական վիճակին, նշելով, որ հիվանդանոցի ղեկավարի տեղակալի խոսքով, Արթուր Սարգսյանի ոսկրային հիվանդությունը զարգանում է:
«Այս պահին նա բուժում չի ստանում, քանի որ հացադուլի մեջ է», - ասել է Էդման Մարուքյանը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով, Արթուր Սարգսյանի կալանավորումը՝ «բլոկադայի ենթարկելու» ակցիա է:
«Այսպիսով շարունակվում է հետապնդումը նրա նկատմամբ», - ընդգծել է Նիկոլ Փաշինյանը: