14/02/2017 12:13
Հայաստանն անելու է ամեն ինչ, որ ապահովի Բաքվից փախած Ադրբեջանի քաղաքացու իրավունքների պաշտպանությունը. Վիգեն Սարգսյան
Հայաստանից ժամանակավոր ապաստան խնդրած Ադրբեջանի քաղաքացի Շահին Միրզոևի քայլը ևս մեկ վկայությունն է, որ Ադրբեջանում մարդու իրավունքների, հատկապես, ազգային փոքրամասնությունների նկատմամբ խտրականությունը և անմարդկային վերաբերմունքը շարունակում են մնալ պետական քաղաքականություն, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։
Փետրվարի 11-ին Թալիշական մշակույթի խորհրդի անդամ, Թալիշական ազատագրական շարժման մասնակից, «Թոլիշի Սադո» թերթի թղթակից Շահին Միրզոևը դիմել էր Հայաստանի իշխանություններին՝ խնդրելով իրեն տրամադրել ժամանակավոր ապաստան, քանի որ ստիպված է եղել փախչել Ադրբեջանից՝ ազգային և կրոնական փոքրամասնությունների հանդեպ բռնաճնշումների ու նրանց իրավունքների կոպտագույն ոտնահարումների պատճառով, և ընտանիքով ժամանել Հայաստան։
«Մենք, ստանալով նման խնդրանք Ադրբեջանի քաղաքացու կողմից, անմիջապես քննարկել ենք ու եկել այն եզրահանգման, որ որևէ հիմքեր՝ մերժելու ժամանակավոր ապաստանի խնդրանքը, չունենք», - այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Վիգեն Սարգսյանը:
Նա ընդգծեց, որ միջազգային կառույցների հետ փոխգործակցելով՝ Հայաստանն անելու է ամեն ինչ, որ ապահովի այդ մարդու՝ օրենքով սահմանված իրավունքների պաշտպանությունն ու նրա համար մշտական ապաստան գտնելը։