14/02/2017 13:02
Մոտ օրերս սպասվում է ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի բանակցությունների ավարտ. Ժան-Ֆրանսուա Շարպանտիե
ՀՀ-ԵՄ բանակցային գործընթացը ավարտի փուլում է, որը ենթադրում է շրջանակային համաձայնագրի ստորագրում, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն՝ հույս հայտնելով, որ առկա մի քանի կետի վերաբերյալ կողմերը համաձայնության կգան և արդյունքում համաձայնագիրը երկու կողմերին բավարարող փաստաթուղթ կլինի:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք Ֆրանսիան առարկություններ կունենա ՀՀ-ԵՄ համաձայնագրի շրջանակում Հայաստանի կողմից եվրոպական շուկա արտահանվող կոնյակի, շամպայնի, գինու և այլ խմիչքների տարածման հարցում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ֆրանսիան հետևողական է իր երկրի աշխարհագրական տեղանունները կրող բրենդային ապրանքների անվանումներով այլ երկրների ապրանքների տարածմանը Եվրոպայում, դեսպանն ասաց, որ աշխարհագրական անվանումների մասով հարցը դեռևս առկախ վիճակում է:
«Լուծում հիմա չկա: Սա շատ զգայուն հարց է ինչպես Ֆրանսիայի, այնպես էլ Հայաստանի համար, որովհետև ունի տնտեսական նշանակություն: Բացի հուզական ասպեկտից ՝ այս հարցը նաև ունի սկզբունքային նշանակություն: Դրանով է պայմանավորված Ֆրանսիայի դիրքորոշումը, սակայն դա չի նշանակում, որ մենք բաց չենք բանակցությունների համար: Անցած ուրբաթ Փարիզում ֆրանսիացի և հայ փորձարարների միջև այս հարցի շուրջ տեղի ունեցավ հանդիպում, դրան կհաջորդի երկրորդ հանդիպումը արդեն ԵՄ մակարդակով և համոզված եմ, որ ընդհանուր հայտարարի կգան, պայմանավորվածություն ձեռք կբերվի», - նշեց նա: