14/02/2017 17:12
ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում, արցախահայության հաղթանակից բացի, այլ լուծում չի կարող լինել. Էդուարդ Շարմազանով
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 14-ին հանդիպել է Երևանի պետական համալսարանի, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի, Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի և Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի ուսանողների հետ, ովքեր ուսումնական պրակտիկա են անցնում Ազգային ժողովում, տեղեկացնում են ԱԺ լրատվական ծառայությունից:
ԱԺ փոխնախագահի հորդորով զրույց-հանդիպումն ընթացել է անկեղծ և ջերմ մթնոլորտում: Ուսանողներին հետաքրքրող հարցերը բազմաթիվ և բազմաբնույթ են եղել. ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթաց, ազգ-բանակ գաղափարախոսություն, խորհրդարանական դիվանագիտություն, ազգային և քրիստոնեական արժեքների պահպանում, քաղաքական գործընթացներում կուսակցությունների դերակատարություն:
Էդուարդ Շարմազանովը հարցուպատասխանի ձևաչափում ուսանողներին մանրամասն ներկայացրել է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի փուլերը, կատարված քայլերը, կոնֆլիկտի լուծման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի և միջազգային հանրության ջանքերը:
«Մենք Մինսկի խմբի համանախագահներից և միջազգային հանրությունից ակնկալում ենք բացառապես կոնֆլիկտի կարգավորման արդար դիրքորոշում, որը բխում է հայտնի երեք սկզբունքներից և ՄԱԿ-ի կանոնադրությունից»,- նշել է Է. Շարմազանովը:
ԱԺ փոխնախագահն անդրադարձել է հիմնախնդրի կարգավորման հարցում մեր երկրի կողմից իրականացվող պաշտոնական և խորհրդարանական դիվանագիտության գերակա ուղղություններին և ընդգծել.
«Մեր նպատակն է, որ մեր հայրենակիցներն ապրեն և արարեն ազատ ու անկախ երկրում: Մենք ամբողջ աշխարհին պետք է ապացուցենք, որ արցախահայության հաղթանակն այլընտրանք չունի»:
Էդուարդ Շարմազանովը խոսել է նաև ազգային և քրիստոնեական արժեքների պահպանման ու տարածման մասին և այս համատեքստում կարևորել այդ արժեքների վրա հիմնված ժողովրդավարական պետության դերը:
Հանդիպման ավարտին պարոն Շարմազանովը ուսանողներին խորհուրդ է տվել խնդիրների հաղթահարման հարցում լավատես լինել, զինվել գիտելիքներով և ընտրել այնպիսի մասնագիտություն, որն աշխատաշուկայում կլինի մրցունակ:
Ուսանողների խնդրանքով ԱԺ փոխնախագահն իր տեսակետն է հայտնել նաև ՀՀ ներքաղաքական ու արտաքին քաղաքական գործընթացներին առնչվող բազմաթիվ հարցերի վերաբերյալ: