14/02/2017 14:39
Վահրամ Սահակյանը՝ «Mea Culpa 2»-ի մասին (Տեսանյութ)
2002 թվականին առաջին անգամ բեմ բարձրացավ թատերագիր Վահրամ Սահակյանի «Mea Culpa» (Իմ մեղքը) ներկայացումը, որը սատիրայի լեզվով բարձրաձայնում էր մարդկային մեղքերի ու սխալների մասին: Արդեն 15 տարի ներկայացումն ընթանում է լեփ-լեցուն դահլիճում, ու թեև ժամանակն անցնում, բայց մեղքերը շարունակում են արդիական մնալ:
Հենց այդ արդիականությունն էր, որ ծնեց «Սիրով՝ ապագայից կամ Mea Culpa 2»-ը, որի պրեմիերան տեղի կունենա փետրվարի 21-ին և 22-ին ժամը 19:00-ին՝ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում:
«Ներկայացման հիմնական գաղափարը, որի մասին խորհել ենք պրոդյուսեր Արմեն Համբարձումյանի հետ, ինչպեսև առաջինի դեպքում՝ իմ մեղքն է: Մինչ ուրիշ մարդկանց, ազգերին ու պետություններին, իշխանությանն ու ընդդիմությանը մեղադրելն ամեն մեկն առաջին հերթին պետք է մտածի, թե ինքն ինչ է արել իր հայրենիքի ու հենց իր համար: Այս ներկայացման դեպքերը ևս կատարվում են ապագայում, բայց, իհարկե, մեր օրերի ու մեր հայրենիքի ցավն են ընդգծում, մեր վերաբերմունքն այդ ամենի նկատմամբ: Ցավում եմ, որ առաջին ներկայացումից այսքան տարի անց չեմ լսել որևէ կարծիք, որ մեկը բարձրաձայնի՝ իսկապես, ես եմ մեղավոր: Գուցե հասկացողներ եղել են, բայց խոստովանողներ՝ ոչ: Նախորդ տարի ներկայացման լավագույն հատվածներով տեսաշար էի պատրաստել, կարծում էի՝ մեկնաբանությունների մեջ մեկն ու մեկը կգրի, որ, այո, ինքն է մեղավոր: Բայց նման բան չեղավ, ափսոս», - Aysor.am-ի հետ զրույցում նշեց Վահրամ Սահակյանը:
Այս տարիների ընթացքում անտրեպրիզային շատ ներկայացումներ են բեմ բարձրացել, սակայն անհերքելի է, որ «Mea Culpa»-ն անգերազանցելի է: 15 տարի առաջ ծնված ներկայացումն իր ժամանակի կնիքն էր կրում, «Mea Culpa-2»-ն էլ մեր ժամանակների արտացոլանքն է: Կկարողանա արդյոք հեղինակն այս անգամ գերազանցել ինքն իրեն:
«Սա չի կարելի համարել իմ ստեղծածը, քանի որ շատերն են աշխատել այս պիեսի վրա։ Ինքս ինձ միայն մեկ դեպքում կարող եմ գերազանցել. եթե ես և՛ գրեմ, և՛ խաղամ: Այ դա իմ պիեսը կլինի: Ի դեպ, նման բան սեպտեմբերին է սպասվում… Իսկ սա մի ամբողջ ստեղծագործական թիմի աշխատանք է, այս ստեղծագործության ստեղծման առաջին «մեղավորը» պրոդյուսեր Արմեն Համբարձումյանն է, գաղափարական հիմնական ուղղվածությունը նրանն է: Սկզբնական շրջանում նրա հետ ենք մտորել ներկայացման մասին։ Այնուհետ սկսեցինք խորհել և վիճաբանել Հրանտ Թոխատյանի հետ, իսկ երբ փորձերը սկսվեցին, գործին լծվեց բեմադրիչ Արթուր Սահակյանը, ում բազմաթիվ դիտողություններից և տեքստային տասնյակ փոփոխություններ կատարելուց հետո գործը սկսեց առաջ գնալ։ Փորձերի սկզբում, ընթանցքում և մինչև հիմա ամբողջ դերասանական խումբը՝ Սամսոն Ստեփանյանը, Լևոն Հարությունյանը և մյուսները, իրենց կարծիքներով, խոհերով և մտայնություններով ստեղծեցին այս ներկայացումը։ Բոլորն անխտիր, անգամ տեխնիկական սպասարկող կազմն իրենց լուման են ներդրել այս գործին, բոլորն իրենց կարծիքը, խոսքն ասել են: Նման աշխատելաոճն իրեն արդարացնում է, չէ՞ որ մեկ հոգուն դժվար է նստել ու բոլորի անունից գրել, հասկանալ՝ ո՞ւմ համար ինչն է կարևոր և առաջնային: Հումորային շատ հատվածներ տեքստում դերասաններն են ավելացրել… Միայն կարող եմ ասել, որ տեքստային առումով այս մեկն առավել կատարյալ է լինելու: Թեև, վախենալու մի բան կա՝ ամեն ինչի երկրորդը շատ վտանգավոր է: Մարդիկ սովորել են առաջինին, ընտելացել են և հիմա նոր խոսք լսելը, ընկալելն ու մարսելը գուցե փոքր ինչ դժվար լինի նրանց համար», - խոստովանեց մեր զրուցակիցը։
Հարցին, թե քաղաքականության ի՞նչ չափաբաժին կա «Mea Culpa 2»-ում, նկատեց.
«Կան թեմաներ, որոնք վերաբերում են քաղաքականությանը, բայց ընդգծված քաղաքականություն ներկայացման մեջ չկա: Քաղաքական որևէ ուժի մակարդակի չենք իջել: Սա ավելի շատ ժողովրդի հոգևոր կացությանը վերաբերող թեմա է, այն անդրադառնում է մեր ժողովրդի հատկանիշներին, նրա մշտական և անվերջանալի սխալներին… Չեմ ուզում և իրավունք էլ չունեմ շատ փակագծեր բացել, և հետո՝ թող հանդիսատեսը տեսնի ու գնահատի»:
Ներկայացումը դեռ նախորդ տարի պետք է բեմ դուրս գար, բայց քանի որ թիմում հավաքված են իրենց գործին լուրջ վերաբերող արվեստագետներ, մեկնարկը ձգձգվեց:
«Ներկայացումը պատրաստում ենք 2015 թվականի սկզբից: Անընդհատ ժողովներ, բանավեճեր ու փորձեր ենք արել: Գտանք, որ ավելի լավ է ասելիքն ինչ-որ չափով հասունանա, քննարկումների արդյունքում բեմադրությունը կստեղծվի… Ընթացքում էլ շատ բան կփոխվի: Ներկայացման ողջ հմայքը նրանում է, որ մի ներկայացումը մյուսին նման չի լինում։ Վստահ եմ, փետրվարի 21-ի պրեմիերան տարբեր կլինի հաջորդողներից, ամեն անգամ նորովի կներկայանանք հանդիսատեսին», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց թատերագիրը:
Գրեթե 3 ժամ տևողությամբ «Սիրով՝ ապագայից կամ Mea Culpa 2»-ի մեջ ներգրավված են դերասաններ Հրանտ Թոխատյանը, Սամսոն Ստեփանյանը, Լևոն Հարությունյանը, Իրինա Դանիելյանը, Արա Սարգսյանը, Ջուլիետա Ստեփանյանը, Գևորգ Մինասյանը և Արա Կարագյանը: