15/02/2017 12:24
Ապրիլին, կարծես, իմ երեխաներին թաղեցի, ես էլ չեմ ուզում Ղարաբաղում պատերազմ տեսնել. ռուս լրագրող Սվետլանա Կուլչիցկայա (Տեսանյութ)
Իմ ամեն այցը Հայաստան ու Ղարաբաղ կարևոր է, որովհետև սա ինձ համար հարազատ հող է դարձել, այսօր «Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց» փորձագիտական աշխատաժողովին ասաց ռուս լրագրող, Արցախի պատերազմի մասին վավերագրական ֆիլմերի հեղինակ Սվետլանա Կուլչիցկայան։
«Այսօր այստեղ ես հանդիպեցի մարդկանց, ում գիտեմ 92 թ-ից։ Գրկեցի մի մարդու, որը ասաց՝ «հիշու՞մ ես, մենք միասին Շուշի էինք բարձրանում» ու ես հիշում եմ ամեն ինչ», - ասաց ռուս լրագրողը։
Նա պատմեց՝ ինչպես է առաջին անգամ Արցախ եկել վառելիք տեղափոխող ուղղաթիռով։
«Այդ ժամանակ ես հասկացա, որ սա իսկապես պատերազմ է, որ Ղարաբաղում վառելիք չկա, փորձում են հասցնել ու այդ ուղղաթիռների վրա կրակում են։ Մեր ուղղաթիռի վրա էլ կրակեցին ու բախտի բերմամբ միայն այն տեղ հասավ», - հիշեց Սվետլանա Կուլչիցկայան։
Նա նշեց՝ այդ օրերին Ստեփանակերտը պարբերաբար ռմբակոծվում ու հրետակոծվում էր, չկար ուտելիք, հումանիտար ծանրագույն իրավիճակ էր։
«Ես կանանց ու երեխաների հետ նկուղներում էի լինում՝ հիշում եմ մի օր մի կին բարձրացրեց իր ձեռքի ափսեն ու ցույց տալով մեր տեսախցիկին ասաց՝ «նայեք՝ ինչ կա» ու այդ ափսեում նայելու բան չկար, որովհետև այն դատարկ էր։ Հիշում եմ՝ էլի նկուղում, այդ կիսասոված պայմաններում մի երեխա ինձ մոտեցավ ու վառվող, գեղեցիկ աչքերով ասաց՝ «ես այնպես եմ ուզում գիրք ունենալ կարդալու համար»», - հիշեց ռուս լրագրողը։
2016 թ-ի ապրիլյան իրադարձություններին Սվետլանա Կուլչիցկայան չկարողացավ անդրադառնալ առանց հուզվելու:
«Ինձ մոտ տպավորություն էր, որ այդ օրերին ես թաղեցի իմ երեխաներին։ Ես հիշում եմ՝ մի քանի տարի առաջ եկել էի Ղարաբաղ, հիշում եմ զորամասերից մեկում աճեցրած վարդերն ու ինչպես մի սիրուն զինվոր պոկեց դրանք ինձ համար ու գրկելով նվիրեց մի մեծ փունջ։ Ապրիլին, միգուցե, այդ երեխաներն են զոհվել...», - ասաց Ս. Կուլչիցկայան:
«Երբ տեսնում եմ որ ձեզ մոտ կրակում են, մտածում եմ, երևի միայն դիվանագիտությամբ այս խնդիրը չի լուծվի։ Բայց ես էլ չեմ ուզում Ղարաբաղում պատերազմ տեսնել, ես ուզում եմ, որ Ղարաբաղը երջանիկ լինի, այն արժանի է», - ամփոփեց ռուս լրագրողը։
Սվետլանա Կուլչիցկայան Շուշիի ազատագրումից հետո Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում կատարված առաջին պատարագի հայտնի տեսանյութի հեղինակն է: