15/02/2017 16:34
Ժիրայր Դադասյանը գոհ է, Գրապալատի աշխատակիցները՝ դժգոհ. Մնջախաղի պետական թատրոնն արդեն հասցե ունի
Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այսօր անակնկալ հանդիպում էր կազմակերպել. Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի առջև ժամադրել էր լրագրողներին ու Մնջախաղի թատրոնի նվիրյալներին: Նախարարի մատուցած անակնկալն, իսկապես, անսպասելի էր. Երևանի Մնջախաղի պետական թատրոնը 43 տարի անց, վերջապես, հասցե ու տանիք ունի: Շենքի հարկաբաժնի վերնամասում ամրագրված «Հայաստանի ազգային գրապալատ» ազդագիրը վերափոխվեց «Մնջախաղի պետական թատրոնի»:
«Շուրջ 20 տարի ես եմ ղեկավարում այս թատրոնը, ամեն օր խոսում եմ թատրոնի գլխավոր խնդրի մասին: Մեր երիտասարդությունը «գնաց» այս խնդիրը լուծելու վրա, այսօրվա երիտասարդներն արդեն տանիք ունեն ու պետք է նոր շունչ ու գեղարվեստական նոր որակներ տան: Չէի էլ կարող ենթադրել, որ ընդամենը երկու ամսում հնարավոր է լուծել այս բարդ խնդիրը: Սա ակնհայտ ապացույցն է այն բանի, որ երբ պրոֆեսիոնալներն են իրենց տեղում լինում, ոլորտում լուրջ փոփոխություններ են տեղի ունենում», - ոգևորությամբ նշեց Մնջախաղի թատրոնի ղեկավար Ժիրայր Դադասյանը:
Գրեթե 95 տարի գործող Գրապալատի աշխատակիցներն այս ընթացքում տեղափոխման աշխատանքներ էին իրականացնում: Գրապալատը տեղափոխվելու է Ազգային գրադարանի շենք: Ակնհայտ էր, որ նախկին տանտերերը դժգոհ էին նախարարի որոշումից, ոմանք նույնիսկ տեղեկացված չէին, թե ի՞նչ կարգավիճակում են հայտնվելու առաջիկայում, ինչն էլ անակնկալի բերեց այս անգամ նախարարին:
«Մենք գրապալատի բոլոր գործառույթները պահպանում ենք, նյութերն էլ ամբողջովին թվայնացվելու են, այդ մասին նախապես տեղեկացրել ենք ու լավ չի, որ աշխատակիցներն անտեղյակ են: Գրապալատը, որպես առանձին ստորաբաժանում, միավորվում է Ազգային գրադարանին, բոլոր աշխատակիցները շարունակելու են զբաղվել իրենց աշխատանքով», - տեղեկացրեց Ա. Ամիրյանը:
Առաջին իսկ հայացքից նկատելի էր՝ տարածքը վերանորոգման լուրջ կարիք ունի: Ոլորտի պատասխանատուն դժվարացավ բարձրաձայնել, թե որքան գումար է տրամադրվելու թատրոնի տարածքի վերանորոգմանը, սակայն ընդգծեց՝ աշխատանքները կսկսեն այս տարի:
«Այստեղ նախատեսում ենք ստեղծել համապատասխան միջավայր. սրճարան, փորձասենյակներ ու հանդերձարան, և որ ամենակարևորն է՝ հարկաբաժնի վերջին հատվածում, որտեղ գրապահոցն էր, կլինի դահլիճը: Աշխատանքներն անպայման այս տարի կսկսենք: Եթե ավարտենք, հենց այս տարի էլ նորամուտը կլինի, եթե ոչ՝ հաջորդ տարվա սկզբին», - խոստացավ նախարարը:
Արմեն Ամիրյանի առաջարկով՝ նոր հասցեում անդրանիկ ներկայացումը Մնջախաղի թատրոնը կնվիրի գրքին: Ժիրայր Դադասյանն էլ հավելեց՝ ամեն ինչ անելու են, որ գրքի շունչը միշտ այստեղ լինի, գրապալատի աշխատակիցներն էլ մշտապես հրավիրատոմսեր կստանան.
«Սա պատմական շենք է, երկար տարիներ այստեղ գիր ու գրականություն է պահվել, էներգետիկան զգացվում է»:
Ժիրայր Դադասյանը չթաքցրեց ուրախությունը՝ սա ավելին էր, քան ինքն էր նախագծել.
«Մոտ 15 տարի առաջ նվազագույն պահանջներով նախագիծ էի կազմել՝ մի փոքրիկ սենյակ, որը կլինի մեր հաշվապահությունը, մի փոքրիկ աշխատասենյակ էլ՝ տնօրենի, գեղարվեստական ղեկավարի համար: Հիմա ճարտարապետներին կխնդրենք այս տարածքի մեջ այդ ամենն ընդգրկել: Այստեղ պայմանները շատ լավն են, հավանաբար՝ մոտ 800 քմ տարածք է, վերջապես, փորձասենյակ ու տեխնիկապես հագեցած բեմ կունենանք»:
Արմեն Ամիրյանին և Ժիրայր Դադասյանին, բացի Մնջախաղի թատրոնի դերասաններից, ուղեկցում էին նկարիչներ, դերասաններ ու թատերագետներ, որոնց շարքում էր նաև Վահրամ Սահակյանը: Aysor.am-ի հետ զրույցում թատերագիրը նշեց՝ այստեղ է որպես ընկեր, թատերասեր ու թատերագիր:
«Ես սեպտեմբերին մենաներկայացում եմ պատրաստում, որը թեև որոշել եմ Տիկնիկային թատրոնի բեմում խաղալ, բայց հնարավոր է՝ Մնջախաղի թատրոնի դերասանները ևս ինձ օգնեն այդ հարցում: Ինձ հետաքրքիր էր նաև այս շենքը տեսնել, կարծում եմ, հետագայում այստեղ էլ կարելի է ներկայացումներ անել: Իհարկե, վերանորոգման շատ աշխատանքներ կան անելու, բայց նախարարը նշեց, որ դա լուծելի հարց է»,- ասաց նա:
Aysor.am-ի հարցին, թե որքան ժամանակով է տարածքը տրվել Մնջախաղի թատրոնին, Արմեն Ամիրյանը պատասխանեց.
«Թե՛ Գրապալատը, թե Մնջախաղի թատրոնը Մշակույթի նախարարությանն են պատկանում, ու տարածքն այսուհետ անժամկետ ամրագրվում է Մնջախաղի թատրոնին»: