15/02/2017 11:16
Մեկնարկել է «Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց» փորձագիտական աշխատաժողովը
Երևանում մեկնարկել է «Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց» փորձագիտական աշխատաժողովը:
ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կազմակերպած միջոցառմանը մասնակցում են քաղաքական գործիչներ, քաղաքագետներ, միջազգային իրավունքի մասնագետներ, լրագրողներ արտերկրից և Հայաստանից:
Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի շրջափակումը սկսվել էր դեռ 1989 թ. աշնան ամիսներին, երբ փակվել էր երկաթուղային հաղորդակցությունը, իսկ Հայաստանից հիմնականում ադրբեջանական բնակավայրների մերձակայքով անցնող ավտոճանապարհները դարձել էին խիստ վտանգավոր: Ի պատասխան արցախահայության՝ Հայաստանի հետ վերամիավորվելու կոչերին՝ քաղաքի շուրջ ադրբեջանական օղակը սեղմվում էր նաև ռազմական պաշարման արդյունքում: 1991թ. սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումից ի վեր անվտանգ չէր նաև Ստեփանակերտի մերձակայքում՝ ադրբեջանական Խոջալու գյուղաքաղաքի մոտ գտնվող օդանավակայանը. այստեղ հայերի նկատմամբ բռնությունները սովորական էին դարձել: Ադրբեջանական զինված ուժերի կողմից ծանր հրետանուց արձակվող կրակոցները լռեցնելը և ռազմական շրջափակման ճեղքումը դարձել էր Արցախի բնակչությանը ոչնչացումից փրկելու միակ ճանապարհը:
Հայկական ինքնապաշտպանական ուժերը 1992թ փետրվարի վերջին ադրբեջանցի գրոհայիններից ազատագրեցին Խոջալու (այժմ՝ Իվանյան) բնակավայրը, իսկ մայիսի 18-ին վերջնականապես բացվեց Լաչինի (Բերձոր) միջանցքը:
Այս իրադարձությունների օբյեկտիվ պատկերը ներկայացնող երկու ադրբեջանցի լրագրողների՝ Չինգիզ Մուսթաֆայևի և Էյնուլլա Ֆաթուլաևի ճակատագրերը դասավորվեցին տարբեր կերպով: Մուսթաֆայևին սպանեցին այս դեպքերից ամիսներ անց, իսկ Ֆաթուլայևը բանտում չորս տարի անցկացնելուց հետո 2011-ից ի վեր հիմնադրեց Իլհամ Ալիևին գովերգող նոր առցանց պարբերական: