15/02/2017 13:31
«Պաշարվածները» ֆիլմը նրանց համար է, ովքեր ուզում են իմանալ, թե ինչ է եղել Ղարաբաղում իրականում. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Պաշարվածները» վավերագրական Ֆիլմում քաղաքականությունը քիչ է, ֆիլմն այն մարդկանց մասին է, ովքեր1991-ից սկսած՝ դիմակայել են այդ դժվարություններին, նրանց մասին է, ովքեր իրենց ուժերով փորձել են ապաստարաններ ստեղծել, սնունդ ու ջուր հայթայթել, ապրել այդ պաշարման պայմաններում:
«Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց» փորձագիտական աշխատաժողովի ընթացքում Aysor.am-ի հետ զրույցում ֆիլմի համահեղինակ, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն ասաց, որ ֆիլմը հետաքրքիր է բոլոր լսարանների համար:
«Նրանց է հետաքրքիր, ովքեր ապրել են Ստեփանակերտում: Ֆիլմն առավել հետաքրքիր է նաև Արցախյան հակամարտության հետազոտողների համար: Ֆիլմը բոլոր այն մարդկանց համար է, ովքեր ուզում են իմանալ, թե ինչ է եղել իրականում և ինչից ինչ դարձավ», - ասաց ֆիլմի համահեղինակ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Նա անշեց նաև, թե այս աշխատանքն իրականացրել է նաև որպես ականատես:
«Այդ տարիներին մեր ընտանիքը Ստեփանակերտում էր ապրում, ինչ-որ չափով դա նաև իմ պատմությունն է, և այն մարդիկ, ովքեր ֆիլմում նկարահանված են, հիմնականում նրանք են, ովքեր ապրել են մեր հարևանությամբ», - ասաց Մելիք-Շահնազարյանը:
Ֆիլմի հերոսներն, ըստ Հրանտ Մելիք-Շահնազարյանի, ժամանակին ունեին ապրելու մեծ ցանկություն, իսկ հիմա ունեն վստահություն, որ այդ պայքարն ապարդյուն չէր:
«Պայքարը, որը կրել են իրենք և որի բացասական հետևանքներն են ապրել, ի վերջո, տվել է այն նպատակը, որը բարձրագույնն է մարդու համար՝ իրենց հայրենի հողում ազատ ապրելու իրավունքը: Դժվար վաստակած ազատությունը, թերևս ավելի թանկ է: Համենայնդեպս, դա հստակ երևում է, երբ խոսում ես ստեփանակերտցիների հետ: Ֆիլմում մարդիկ կան, ովքեր զավակ են կորցրել, բայց հստակ գիտակցում են, թե ինչի համար էր պետք այդ կորուստը, ինչու պետք է իրենք այդ զոհողություններին գնային: Դա ցույց է տալիս նաև ուժեղությունը, որ այդ զոհերը նրանք արդարացված են համարում», - ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Քաղաքագետը նշեց նաև թե Ադրբեջանի բնիկ ժողովուրդները միշտ էլ ասում են, թե հայկական կողմն առաքելություն ունի տարածաշրջանում. դա ազատության դրոշը բարձր պահելու առաքելությունն է: