15/02/2017 18:02
Եվրախորհրդարանը հավանություն է տվել Կանադայի հետ ԵՄ-ի առևտրային համաձայնագրին
Եվրախորհրդարանի պատգամավորները, չնայած ԵՄ քաղաքացիների բազմաթիվ բողոքներին, չորեքշաբթի կայացած լիագումար նիստում ձայների մեծամասնությամբ աջակցել են Կանադայի հետ Եվրամիության առևտրատնտեսական համաձայնագրին (Comprehensive Economic and Trade Agreement, CETA), փոխանցում է РИА Новости-ն:
Առևտրատնտեսական երկկողմ համաձայնագիրը ԵՄ-ը և Կանադան ստորագրել են 2016-ի հոկտեմբերի 30-ին: Այն մասնակի կկիրառվի Եվրախորհրդարանի հաստատումից հետո: Վերջնականապես ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է ԵՄ բոլոր անդամ երկրների կողմից համաձայնագրի վավերացումը:
Համաձայնագրի դեմ Եվրոպայում բողոքի զանգվածային ակցիաներ էին տեղի ունենում: Նույնիսկ չորեքշաբթի տասնյակ ցուցարարներ են հավաքվել ԵԽ շենքի դիմաց:
Երբ СЕТА-ն ամբողջ թափով գործարկվի, մաքսատուրքերի մոտ 98 տոկոսը կչեղարկվի: ԵՄ-ը հույս ունի, որ համաձայնագրի իրականացումը կողմերի միջև առևտրաշրջանառությունը տարեկան 12 մլրդ եվրոյով կմեծացնի: