15/02/2017 11:32
Արտակ Զաքարյան. Ադրբեջանը փորձում է ԼՂ հակամարտությունը ներկայացնել որպես տարածքային վեճ
Ադրբեջանն անդադար աղավաղում է Ղարաբաղյան հիմնախնդրի էությունն ու լուծման ուղիները, այսօր «Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց» փորձագիտական աշխատաժողովի բացմանն ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Արտակ Զաքարյանը։
«Նման աշխատաժողովների, նախաձեռնությունների իրականացումը շատ կարևոր է, որովհետև մենք ամեն օր բախվում ենք կոնֆլիկտի էությունն ու լուծման ճանապարհներն աղավաղող Ադրբեջանի հետ, որը բուն կոնֆլիկտը փորձում է վերածել պարզապես տարածքային վեճի», - ասաց Արտակ Զաքարյանը:
Նրա խոսքով, դա երբեք չի կարող նպաստել հակամարտության խաղաղ կարգավորման մոտեցմանը։
Պատգամավորը հիշեցրեց դեռ ռազմական բախումներից առաջ ԼՂ ինքնավար մարզում Ադրբեջանի կողմից տարվող քաղաքականությունը։
«Այդ պայմաններում շատ մեծ քաջություն ու կամք էր անհրաժեշտ, որպեսզի մարդիկ կարողանան չլքել իրենց բնակավայրերը։ ԼՂԻՄ-ի տարածքում արհեստականորեն ծնվում էին ադրբեջանական գյուղեր, որոնց նպատակն էր և ազդեցություն ունենալ կոմունիկացիոն ու դեմոգրաֆիկ խնդիրների վրա, և հոգեբանական ճնշման ենթարկել տեղում բնակվող հայերին», - ասաց Արտակ Զաքարյանը, նշելով՝ պետք էր ճեղքել օղակն ու դա հաջողվեց։
Հիշեցնենք, որ այսօր Երևանում մեկնարկել է «Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց» փորձագիտական աշխատաժողովը: