15/02/2017 13:19
Պետք է դասեր քաղել Ստեփանակերտի բլոկադայից, քանի որ քարտեզները չեն փոխվել ու խնդիրը կարող է լինել նաև այսօր. Կարեն Վրթանեսյան
Ադրբեջանը մի քանի փուլերով էր կատարում Ստեփանակերտի շրջափակումը՝ օգտագործելով հարակից բնակավայրերն ու ենթակառուցվածքները, այսօր «Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց» փորձագիտական աշխատաժողովին ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։
«Ստեփանակերտ տանող բոլոր ճանապարհները փակ էին կամ վերահսկվում էին ադրբեջանական բնակավայրերի միջոցով։ Օրինակ՝ Ստեփանակերտից Մարտակերտ գնալը հնարավոր էր միայն Աղդամի միջոցով։ Շրջափակման գործողություններ կային դեռ 1988թ.-ին, երբ փակվեց, օրինակ, Շուշիից Քարին տակ տանող ճանապարհը», - ասաց Կարեն Վրթանեսյանը։
Նա հիշեցրեց, որ 1989թ.-ի մարտին Մոսկվան որոշեց լրացուցիչ ֆինանսավորում տրամադրել ԼՂԻՄ-ին, որը ևս ուղղվեց շրջափակման քաղաքականության իրականացմանը։
«Քանի որ գումարը տրվեց Բաքվին, այն սկսեցին ծախսել ադրբեջանական բնակավայրերի վրա, ամրացրեցին Մալիբեյլին, Խոջալուն, սկսեցին օգտագործել ենթակառուցվածքների կառուցման համար, որպեսզի, այսպես ասած, խեղդեն Ստեփանակերտը։ Այնպես որ՝ չկար այլ տարբերակ, քան ապաշրջափակումը», - ասաց Կարեն Վրթանեսյանը։
Նա ընդգծեց, որ այս ամենը պետք է հաշվի առնել նաև այսօր.
«Պետք է դասեր քաղել, քանի որ քարտեզները չեն փոխվել ու նույն իրավիճակի առաջ կարող ենք կանգնել նաև այսօր», - ամփոփեց ռազմական փորձագետը։