15/02/2017 18:10
Նալբանդյանն ու Լավրովը կքննարկեն ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի առաջ մղմանը վերաբերող հարցեր
Փետրվարի 21-ից 22-ը Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հրավերով պաշտոնական այց կկատարի Ռուսաստանի Դաշնություն, հայտնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից:
Նախարարներ Նալբանդյանը և Լավրովը կքննարկեն Հայաստան-Ռուսաստան դաշնակցային, ռազմավարական հարաբերությունների օրակարգի հարցերի լայն շրջանակ, երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։ Հանդիպմանը մտքեր կփոխանակվեն տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների շուրջ։
Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի առաջ մղման նպատակով՝ Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։