15/02/2017 12:29
Մարկեդոնով. Արտաքին ուժերը չկարողացան Լեռնային Ղարաբաղի խնդիրը դարձնել «proxy կոնֆլիկտ»
Նախորդ տարի, երբ տեղի ունեցավ ապրիլյան պատերազմը, ասում էին, որ դա աննախադեպ լարվածություն է, այսօր «Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց» փորձագիտական աշխատաժողովին ասաց ռուս հայտնի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը:
«Բայց Լեռնային Ղարաբաղը սառեցված հակամարտություն կոչելը թյուրընկալում է։ 1994-ի հրադադարի ռեժիմի խախտումներ տեղի են ունենում 2008-ից ի վեր և ամեն անգամ դրանք կոչում են «աննախադեպ»։ Պնդումները տարածքային ամբողջականության սկզբունքի վերաբերյալ դրանց հեղինակների կողմից ներկայացվում են իբրև բացարձակ նորմ` առանց այդ տարածքում ապրող մարդկանց իրավունքները հաշվի առնելու», - հայտարարեց նա:
Ս.Մարկեդոնովի խոսքով, Լեռնային Ղարաբաղը նաև յուրօրինակ է՝ հաշվի առնելով խաղաղապահների խնդիրը։
«Ներկայումս չկան այստեղ խաղաղապահներ, և խաղաղության հեռանկարի մասին խոսելիս պետք է հաշվի առնել, թե ովքեր են իրականացնելու այդ առաքելությունը։ Եթե նկատենք Ռուսաստանի և Արևմուտքի ժամանակակից հարաբերությունների ճգնաժամը` այդ խաղաղապահների խնդիրը ավելի բարդ է դառնում», - ասաց նա:
«Ի դեպ, ի տարբերություն այլ հետխորհրդային կոնֆլիկտների, արտաքին ուժերը չկարողացան Լեռնային Ղարաբաղի խնդիրը դարձնել «proxy կոնֆլիկտ», կամ միջնորդավորված հակամարտություն մեծ տերությունների շահերի բախման կոնտեքստում։ Այն մնաց տարածաշրջանային բնույթի հակամարտություն և դա կարևոր է հասկանալ խաղաղության հեռանկարները քննարկելու առումով», - ընդգծեց քաղաքագետը:
«Ես նաև բազմիցս եղել եմ Լեռնային Ղարաբաղում, որպես հետազոտող վերլուծաբան։ Դրա պատճառով մի հայտնի երկրում ինձ ներառել են «սև ցուցակում»։ Անհասկանալի է։ Ես էլ սոցիալական ցանցում հումորով մի անգամ գրել են, արդյո՞ք հենց ես եմ հակամարտության լուծված չլինելու ամենակարևոր պատճառը, որ ինձ էլ ներառել են այդպիսի ցուցակում», - հարց ուղղեց նա: