15/02/2017 11:41
Շավարշ Քոչարյան. «Մարդու իրավունքներ» եզրույթն անհամատեղելի է Ադրբեջանի հետ (Տեսանյութ)
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, մասնավորապես՝ մայրաքաղաք Ստեփանակերտում 1991 թվականին տեղի ունեցած դեպքերը շատ կարևոր է ներկայացնել, որովհետև շատ բաներ աղավաղվում են Ադրբեջանի ջանքերով, ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
«Սրա անհրաժեշտությունը միշտ էլ եղել է, մինչ այս միջոցառումն էլ շատ բան է արվել: Ադրբեջանը մի երկիր է, որտեղ «մարդու իրավունքներ» եզրույթն ուղղակի անհամատեղելի է այդ երկրի հետ», - ասաց Շավարշ Քոչարյանը «Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց» փորձագիտական աշխատաժողովի մեկնարկին լրագրողների հետ զրույցում:
Նրա խոսքով՝ ապրիլյան դեպքերն ուղղակի ցույց տվեցին, որ այն, ինչ սկսվեց Սումգայիթով, Ադրբեջանի շարունակական քաղաքականությունն է:
«Ավելին, Ադրբեջանի վերջին հայտարարությունն այն մասին, թե ապրիլին իրենց կողմից Ղարաբաղի դեմ սանձազերծված գործողությունները, լարվածության պահպանումն իրենց ներքին գործն է, արդեն լրիվ բացահայտում է այդ իշխանության դեմքը: Այսինքն՝ այսքան տարի իրենք ձևացնում են, որ մասնակցում են բանակցային գործընթացին: Իրականում իրենց նպատակը նույնն է, ինչ եղել է ի սկզբանե՝ այն է ցեղասպան քաղաքականություն Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ», - ասաց Շավարշ Քոչարյանը:
Նա նշեց, որ Ադրբեջանի կողմից ամեն ինչ արվում է, որպեսզի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումն այլընտրանք չունենա: