15/02/2017 12:54
Սադրանքի նոր փորձի դեպքում հետևանքներն Ադրբեջանի համար այս անգամ շատ ավելի ծանր կլինեն. Շավարշ Քոչարյան
2016 թվականի ապրիլը ցույց տվեց, որ հայկական կողմը պետք է պատրաստ լինի ցանկացած արկածախնդրության Ադրբեջանի կողմից, այսօր «Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց» փորձագիտական աշխատաժողովի մեկնարկին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
«Դա մինչ այդ էլ պարզ էր, բայց ապրիլից հետո այն ավելի ակնհայտ դարձավ: Ես կարծում եմ, որ եթե մի նոր փորձ կատարվի Ադրբեջանի կողմից, այս անգամ արդյունքներն իր համար շատ ավելի ծանր կլինեն», - ընդգծեց նա:
Խոսելով դիվանագիտական ճանապարհով Ադրբեջանի ռազմական հարձակումը զսպելու մասին, փոխարտգործնախարարն ասաց. «Խնդիրը ոչ թե այն է, որ Ադրբեջանի հետ պետք է փոխզիջման գնալ, այլ այն, որ պետք է աշխատել բոլոր միջազգային կառույցներում այդ ամենը բացահայտելու համար»:
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն իր ջանքերը կենտրոնացրել է իր միջազգային ճանաչման վրա», - ընդգծեց Շավարշ Քոչարյանը: