15/02/2017 13:04
Շահին Միրզոև. Ադրբեջանից ուղղակի փախել եմ ընտանիքով՝ մահից խուսափելու համար (Տեսանյութ)
Ադրբեջանում մոտ երկու միլիոն թալիշ է ապրում և նրանք, ըստ էության, հայտարարված են պետության թշնամիներ, այսօր «Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց» փորձագիտական աշխատաժողովին ասաց Ադրբեջանից փախած և Հայաստանում ապաստան ստացած թալիշական մշակույթի խորհրդի անդամ, Թալիշական ազատագրական շարժման մասնակից, «Թոլիշի Սադո» թերթի թղթակից Շահին Միրզոևը:
«Ադրբեջանում, նրանք զրկված են ԶԼՄ-ներում իրենց խնդիրները արծարծելու հնարավորությունից։ Վերջին տարիներին մոտ 300 հազար թալիշ Ադրբեջանից ուղղակի փախել է Ռուսաստան, այնտեղից էլ՝ այլ երկրներ։ Թալիշները բանտարկվում և այլ բռնությունների են ենթարկվում Ադրբեջանում: Նրանք էլ, ովքեր մի փոքր խոսում են՝ արժանանում են բանտարկման կամ սպանվում են։ Թալիշիստանն այսօր ապրում է նույն ճակատագիրը, որի մասին հիմա խոսվում է Ղարաբաղի դեպքում։ Թալիշիստանը, կարելի է ասել, բլոկադայի մեջ է», - հայտարարեց նա:
Շ. Միրզոևն ընդգծեց՝ Թալիշիստանի հարցում հապաղել չի կարելի, քան որ այդ դեպքում, ամենայն հավանականությամբ, կծագեն նույն ռազմական գործողություններն, ինչպես եղավ Ղարաբաղի դեպքում։
«Քաղաքական գործիչները մտածում են, բայց քանի դեռ նրանք մտածում են, Թալիշիստանում կծագեն նույն ռազմական գործողություններն, ինչ Ղարաբաղում։ Երկու միլիոնից ավելի թալիշներ կան Ադրբեջանում, ինչպե՞ս կարելի է նրանց ոչնչացնել և ամբողջ աշխարհն ուղղակի կողքից նայելո՞ւ է։ Ադրբեջանում սեփական լեզվով գրքեր, ռադիո, հեռուսատատեսություն պահանջելը, նշանակում է դառնալ անջատողական, սեպարատիստ ու ազգի թշնամի», - ասաց նա։
Շահին Միրզոևն ասաց, որ Ադրբեջանից «ուղղակի փախել է ընտանիքով՝ մահից խուսափելու համար»:
«Ադրբեջանից փախնելը ես ռիսկային չէի համարում։ Ռիսկային էր իմ՝ Ադրբեջանում գտնվելը: Կարծում եմ՝ Հայաստան գալով չեմ սխալվել», - ընդգծեց նա:
Երեկ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ Հայաստանից ժամանակավոր ապաստան խնդրած Ադրբեջանի քաղաքացի Շահին Միրզոևի քայլը ևս մեկ վկայությունն է, որ Ադրբեջանում մարդու իրավունքների, հատկապես, ազգային փոքրամասնությունների նկատմամբ խտրականությունը և անմարդկային վերաբերմունքը շարունակում են մնալ պետական քաղաքականություն։