15/02/2017 14:27
Ադրբեջանական բանակ ազգային փոքրամասնություններին զորակոչում են ստիպողաբար ու միանգամից ուղարկում առաջնագիծ. Շահին Միրզոև
Ադրբեջանական բանակում առաջնագծում ծառայում են մեծամասամբ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները, լրագրողների հետ զրույցում ասաց Ադրբեջանից փախած և Հայաստանում ապաստան ստացած թալիշական մշակույթի խորհրդի անդամ, Թալիշական ազատագրական շարժման մասնակից, «Թոլիշի Սադո» թերթի թղթակից Շահին Միրզոևը:
«Թալիշներն են ծառայում առաջնագծում։ Նրանց բանակ են տանում, կարելի է ասել, ստիպողաբար ու ուղարկում են միանգամից առաջնագիծ՝ մսաղաց։ Սա է պատճառը, որ սպանվածների թվում, անուններից էլ կարող եք տեսնել, մեծամասամբ թալիշներն են, թաթերը, ուդինները», - ասաց Շահին Միրզոևը։
Պատասխանելով Aysor.am-ի հարցին, նա նշեց, որ առաջնագծում ծառայող զինվորների մեծ մասը՝ 70-80 տոկոսն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներն են։
«Բանակում միայն 20-30 տոկոսն են, որ, այսպես ասած, տեղացիներ են, ովքեր իրենց թուրքեր են կոչում։ Նրանք առաջնագծում չեն՝ խոհարարներն են, պահեստներում են ծառայում և այլն», - ասաց Շահին Միրզոևը։
Հարցին, եթե ստիպողաբար են բանակ գնում, չե՞ն կարող հրաժարվել կամ ընդդիմանալ ծառայությունից, Շահին Միրզոևը պատասխանեց, որ դա ուղղակիորեն կվտանգի նրանց ու նրանց ընտանիքների կյանքը։
«Նրանց առնվազն կբանտարկեն ու բացի այդ կտուժի նրանց ամբողջ ընտանիքը։ Ես հիմա Հայաստանում եմ, 92-ամյա հայրս այնտեղ է ու նրան ստիպել են, որ հրաժարվի ինձանից։ Միգուցե, նա նույնիսկ չի էլ հասկանում՝ ինչ է կատարվում, ծեր է, բայց նրան ստիպել են հրաժարվել ինձանից», - բացատրեց Շահին Միրզոևը։
Նա նշեց, որ Հայաստանում ինքն ու իր ընտանիքն իրենց լավ են զգում։
«Ընտանիքս այստեղ շատ լավ է զգում։ Երեկոյան եկանք, միանգամից հաջորդ օրը կնոջս տեղափոխեցին հիվանդանոց, քանի որ օնկոլոգիական հիվանդություն ունի։ Հիմա բժիշկների հսկողության տակ է», - ամփոփեց Հայաստան տեղափոխված թալիշ Շահին Միրզոևը։