15/02/2017 12:05
Աշխատանք է տարվում Եվրադատարանում ապրիլյան պատերազմի գործերով Արցախի ժողովրդի ձայնը լսելի դարձնելու ուղղությամբ. Էմիլ Բաբայան (Տեսանյութ)
Արցախի պաշտպանությունը չի կարելի և չպետք է թողնել միայն բանակի ուսերին, այսօր «Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց» փորձագիտական աշխատաժողովի բացմանն ասաց Արցախի նախագահի խորհրդական Էմիլ Բաբայանը։
«Այսօր Արցախի ցանկացած մարտական դիրք ունի պաշտպանական նշանակություն։ Նպատակ ունի ագրեսիվ հակառակորդին Արցախի խաղաղ բնակավայրերից հեռու պահելու, բայց Արցախի պաշտպանությունը չի կարելի թողնել միայն բանակի ուսերին», - ասաց Էմիլ Բաբայանը։
Նրա խոսքով՝ վաղուց արդեն պատերազմը դուրս է եկել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հատվածից ու տեղափոխվել է բոլոր ոլորտներ՝ արվեստ, մշակույթ, դիվանագիտություն։
«Ամեն մեկն այս հարցում ունի իր խրամատը», - ասաց Արցախի նախագահի խորհրդականը։
Նա ընդգծեց՝ անպատիժ մնացած ցանկացած հանցագործություն ավելի է լկտիացնում հակառակորդին, ուստի հիմա ակտիվ աշխատանքներ են տարվում Եվրադատարանում ապրիլյան իրադարձությունների վերաբերյալ գործերի հարցում։
«Հստակ անհրաժեշտություն կա մեկտեղելու բոլորիս ջանքերը որպեսզի անարձագանք չմնա Արցախի կամ Հայաստանի ժողովրդի դեմ անցյալում կամ վերջերս իրականացված որևէ հանցագործություն: Հաստատված փաստ է` անարձագանք և անպատիժ մնացած ցանկացած հանցագործություն ավելի է լկտիացնում հակառակորդին: Այս առումով հատկանշական է, որ մեր իրավապաշտպանների և մարդու իրավքունքերի մասնագետների կողմից կատրվել և կատարվում է զգալի աշխատանք ապրիլյան պատերազմի ընթացքում կատարված հանցագործությունների վերաբերյալ միջազգային ատյաններում հարցը բարձրացնելու և հատկապես մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայցեր հարուցելու առումով: Այժմ աշխատանքներ են տարվում Եվրոպական դատարանում ապրիլյան պատերազմի հետ կապված գործերով Արցախի ժողովրդի ձայնը լսելի դարձնելու ուղղությամբ: Կլինի դա Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերով Արցախը որպես երրորդ կողմ ներգրավելու կամ որևէ այլ եղանակով՝ ժամանակը ցույց կտա: Անհրաժեշտ է ակտիվ աշխատանք ծավալել հնարավոր բոլոր ուղղություններով, Արցախի պաշտպանությունը չի կարելի և չպետք է թողնել միայն բանակի ուսերին», - հայտարարեց Էմիլ Բաբայանը: