15/02/2017 12:13
Առանց Ղարաբաղի մասնակցության որևէ որոշում չի կարող ընդունվել. Շավարշ Քոչարյան
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով բանակցային գործընթացն Ադրբեջանի համար ընդամենն իմիտացիա է, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
Նրա խոսքով, երբ մի կողմը որևէ փոխզիջման ոչ միայն պատրաստ չէ, այլ ավելին՝ Ղարաբաղի հարցը մի կողմ թողած, բացահայտ հայտարարում է իր հավակնությունների մասին Հայաստանի տարածքների նկատմամբ՝ ասելով, որ դրանք պատմական ադրբեջանական հողեր են, այդ ամենը ծիծաղելի է:
Այս իրավիճակն, ըստ Շավարշ Քոչարյանի, ցույց է տալիս, որ բանակցային գործընթացը գոյություն ունի եռանախագահների առաքելություններից մեկն իրականացնելու համար:
«Այդ առաքելություններից մեկն այս փխրուն զինադադարի պահպանումն է, ռազմական գործողությունների վերսկսման արգելափակումը, որը ևս կասկածի տակ է, հաշվի առնելով Ադրբեջանի մոտեցումները», - նշեց արտաքին գործերի փոխնախարարը:
Ինչ վերաբերում է Արցախի Հանրապետության՝ բանակցությունների սեղանին վերադառնալու հարցին, Շավարշ Քոչարյանն ասաց. «Եկեք ճիշտ հասկանանք, մի կողմից այն հանգամանքը, որ Ադրբեջանն ամեն ձևով խոչընդոտում է Ղարաբաղի մասնակցությանը, դա այն լակմուսային թուղթն է, որը ցույց է տալիս, որ ինքն այդ ամբողջ ընթացքում երբեք հակված չի եղել հարցի բանակցային կարգավորմանը»:
Դա, ըստ Քոչարյանի, հարցի մի կողմն է:
«Մյուս խնդիրը ֆորմալ մասնակցությունը չէ, այլ խնդիրն այն է, որ հակամարտող կողմերից մեկը բանակցային գործընթացով հարցի կարգավորում չի տեսնում: Սա է էությունը: Իհարկե՛, կարևոր է Արցախի մասնակցությունը: Եթե հանկարծ վերջապես Բաքվում խելքները գլուխները հավաքեն, առանց Ղարաբաղի մասնակցության որևէ քայլ չի կարող կարգավորվել», - նշեց նա: