15/02/2017 13:42
Գրքի տոնին «Գրաբուսը»՝ առաջին շարժական գրախանութը, կշրջի Երևանով
Գրքի տոնին՝ փետրվարի 19-ին՝ ժամը 12:00-ից, Ազատության հրապարակից կմեկնարկի գրքասերների համար անակնկալներով լի «ԳրաԲուս» նախաձեռնությունը, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստանի մշակութային հիմնադրամ»-ի նախագահ Մանուկ Նիգոյանը:
«Մշակույթի նախարարության հետ համատեղ փետրվարի 19-ին իրականացնում ենք Հայաստանում նմանը չունեցող «Գրաբուս» ակցիան: Դա՝ Հայաստանում առաջին շարժական գրախանութն է, որը գրքի տոնին շրջելու է Երևանի համայնքերում, իսկ գրավաճառները կլինեն հայտնի մարդիկ, ներկայացված գրքերն էլ կվաճառվեն 30% զեղչով», - նշեց Մ. Նիգոյանը:
Իսկ ասուլիսին ներկա ՀՀ մշակույթի նախարարության գրական ծրագրերի համակարգող Արմեն Սարգսյանը պատմեց «Լոֆթ» կենտրոնում կայանալիք մեկ այլ հետաքրքիր նախաձեռնության մասին:
«Փետրվարի 19-ին՝ ժամը 2-ին, «Լոֆթ»-ում քննարկելու ենք Ջոն Բոյնի «Զոլավոր գիշերազգեստով տղան» վեպը, որի ընթացքում ակտիվ 20 մասնակիցներ կստանան հաջորդ քննարկաման համար նախատեսված գիրքը, իսկ փետրվարի 19-ին անակնկալ նվերներ կստանան բոլոր մասնակիցները», - ընդգծեց Ա. Սարգսյանը:
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան փոխտնօրեն Մադլեն Հովսեփյանն էլ տեղեկացրեց, որ իրենց գրադարանում փետրվարի 17-21-ը անցկացվելու է Գրքի 13-րդ տոնավաճառը: Տոնավաճառին հատկացվել է հատուկ «Նվեր զինվորին» անվամբ բաժինը, որտեղ տոնավաճառի ընթացքում հավաքված գրքերը կուղարկվեն սահմանամերձ զորամասեր:
Լուսանկարները՝ Գրքի երևանյան 13-րդ տոնավաճառ միջոցառման և ԳրաԲուս միջոցառման ֆեյսբուքյան էջերից