15/02/2017 11:47
Ղարաբաղում երեխաները այբուբեն սովորելու հնարավորություն չունեին, բայց գիտեին «Գռադի զալպը». Շավարշ Քոչարյան
Ի սկզբանե Ադրբեջանը Ղարաբաղի հարցում ընդունել է ուժային քաղաքականություն և առ այսօր այդ նույն քաղաքականությունը շարունակվում է, այսօր «Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց» փորձագիտական աշխատաժողովի բացմանը հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։
«Եթե առաջ լռում էր այս քաղաքականության մասին՝ հիմա խոսում է բացահայտ», - նշեց Շավարշ Քոչարյանը։
Ստեփանակերտի շրջափակմանն ու այդ տարիներին Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններին նա անդրադարձավ որպես ականատես։
«Հիշում եմ՝ մարդիկ չէին կարողանում իրենց հարազատներին հողին հանձնել, վախենում էին խմբերով հավաքվել ու հարազատներին հողին հանձնելու համար սպասում էին մինչև մառախուղ լինի», - պատմեց Շավարշ Քոչարյանը՝ նշելով, որ խոցվում էին նաև այն ուղղաթիռները, որոնք Ղարաբաղի ժողովրդին պետք է ալյուր, հաց հասցնեին։
«Ժամանակ էր լինում, երբ մեկ ամսվա համար մեկ շնչին 1 կգ ալյուր էլ չէր հասնում», - ասաց Շավարշ Քոչարյանը՝ միևնույն ժամանակ ընդգծելով այն ոգին, որը կար Ղարաբաղի ժողովրդի մոտ անկախ ստեղծված պայմաններից։
«Երբ սկսում էին ռմբակոծել՝ Ղարաբաղում արդեն ձայնով երեխաներն ասում էին՝ Գռադն էր, թե հրետանու ո՞ր տեսակը։ Երբեք չեմ մոռանա մի դրվագ, երբ հերթական ռմբակոծությունից հետո երկու երեխա դուրս վազեցին թաքստոցից ու մեկը մյուսին ասաց՝ «գիտե՞ս քանի տառ ունի հայերենի այբուբենը», մյուսն էլ պատասխանեց՝ «ոչ»։ Ի պատասխան հարցնողը բացատրեց՝ «հայերենի այբուբենը 36 տառ ունի», «ո՞նց, Գռադի զալպի չափ էլի»՝ զարմացավ երկրորդ երեխան։ Այսինքն նա հնարավորություն չի ունեցել սովորելու այբուբենը, բայց Գռադի զալպը գիտի», - ասաց Շավարշ Քոչարյանն՝ ընդգծելով, Ղարաբաղում գրեթե հումանիտար աղետ էր, սակայն չգիտես ինչու չկար մեծ միջազգային աղմուկ։