16/02/2017 12:08
Նախընտրական շրջանում հաճոյանալու համար ամեն բան կարող են ասել. Արմեն Ամիրյան
Նախընտրական շրջանում ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն արձակուրդ կգնա օրենսդրությամբ սահմանված կարգով:
Կառավարության նիստից հետո, պատասխանելով լրագրողների հարցին՝ արդյոք իր ներկայությունը ՀՀԿ ընտրական ցուցակում կօգնի՞ կուսակցությանն ավելի շատ ձայներ ստանալ, մշակույթի նախարարը պատասխանեց` «չգիտեմ, կարծում եմ` դրական ազդեցություն կունենա»:
Անդրադառնալով ձևավորվող դաշինքներին` Արմեն Ամիրյանը նշեց, որ «բոլորն էլ արժանի մրցակիցներ են»:
«Ընտրություններին մասնակցող բոլոր դաշինքներն էլ մեզ մրցակից են ու շատ արժանի մրցակիցներ են», - ասաց մշակույթի նախարարը:
Ինչ վերաբերում է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հայտարարություններին, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, ըստ Արմեն Ամիրյանի, դրանք հաճոյանալու նպատակ ունեն:
«Նախընտրական շրջան է` հաճոյանալու համար ամեն բան կարող են ասել», - ասաց նախարարը:
Նա ընդգծեց, որ նախընտրական շրջանը չի ազդի մշակույթի ոլորտում ներդրումների կատարմանը, քանի որ հիմնական ներդրողները մասնավոր են:
«Արդեն իսկ որոշման նախագիծ կա, որ մոտ ապագայում Հաղպատում կառուցենք Սայթ-Նովայի թանգարան», - ասաց Մշակույթի նախարարը: