16/02/2017 16:24
Պետական կարգավիճակում «Արտ Սինեման» անդրանիկ համերգին կներկայանա ֆիլմային երաժշտությամբ
Ջութակահար Աշոտ Խոյեցյանի մտահղացմամբ 2010 թվականին ստեղծված և 2017-ին պետական կոլեկտիվի կարգավիճակ ստացած «Արտ Սինեմա» անսամբլը փետրվարի 19-ին՝ ժամը 19:00-ին՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, համերգային ծրագով կներկայանա: Այդ մասին այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ հայտնեցին Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն, ալտահար Վաչե Հովեյանը, Աշոտ Խոյեցյանը և Հայկ Վարդանյանը:
«Սա դաշնամուրային կվարտետի առաջնահամերգն է: Հարշալի երաժշտական կազմ է ընդգրկված՝ Աշոտ Խոյեցյան, Հայկ Վարդանյան, Կարեն Սարաֆյան և Լևոն Առաքելյան: Հաշվի առնելով «Արտ Սինեմայի» տարիների փորձն ու ճանաչումը՝ իրենց առաջարկվեց, որ միանան Կամերային երաժշտության ազգային կենտրոնում գործող «Մենակատարների պետական անսամբլ» անունը կրող խմբին», - հանդիպման սկզբում ներկայացրեց Վաչե Հովեյանը:
Անդրադառնալով համերգային ծրագրին՝ Աշոտ Խոյեցյանը մանրամասնեց.
«Հիմնականում ծրագիրն ընտրել ենք մեր նվագացանկից, որպեսզի անդրանիկ համերգին հանդիսատեսը մեր գործունեության մասին ամբողջական պատկերացում կազմի: Համերգին սպասվում է «Հայֆիլմի» երաժշտություն, որոնց հեղինակներն են Տիգրան Մանսուրյանը, Ռոբերտ Ամիրխանյանը, Առնո Բաբաջանյանը… Կհնչեն նաև համաշխարհային կինոկոմպոզիտորների ստեղծագործություններ: Երեկոյի ընթացքում կլինեն նաև անակնկալներ: Մեր երաժշտական գործիքներին կավելանան ևս երկուսը, նաև՝ մեկ երգիչ»:
Նկատառմանը, թե հնարավոր է արդյոք հետագայում ֆիլմային երաժշտությունները տեսահոլովակի վերածել՝ Վ. Հովեյանը պատասխանեց.
«Ինչո՞ւ պետք է ֆիլմի սաունդթրեքի հիման վրա տեսահոլովակ նկարել, այդ դեպքում ուղղակի թող ֆիլմը նայեն, կամ առանձին յութուբում փնտրեն համանուն սաունդթրեքը: Այս երաժշտությունները Աշոտ Խոյեցյանի մշակմամբ ներկայացվելու են դաշնամուրային կվարտետի կազմով՝ համերգի ընթացքում»:
Աշոտ Խոյեցյանը նկատեց՝ տարիներն ապացուցել են, որ հանդիսատեսը հետաքրքրված է այս մշակումներով: Վաչեն Հովեյանի վստահեցմամբ էլ՝ ամսական երկու համերգը փոքր-ինչ շատ կլինի, իսկ ահա ամիսը մեկ անգամ եվրոպական չափանիշներին համահունչ համերգով ներկայանալը արդյունավետ է:
«Եթե առավելագույնս հանրահռչակվի, լուսաբանվի դասական երաժշտությունը՝ հետագայում չենք բախվի այն խնդրին, թե ռաբիս այս կամ այն երգչին ու երգչուհուն մեծարում են: Ինչպես ասում են՝ Խաչին տերն է զորություն տալիս», - ընդգծեց նա:
Ըստ մասնաճյուղի տնօրեն Հայկ Վարդանյանի՝ «Արտ Սինեմային» պետական կարգավիճակ տալը առաջնահերթ համերգային գործունեություն ծավալելու մեծ հնարավորություն է ընձեռում:
«Ամեն անգամ համերգ կազմակերպելիս բազմաթիվ խնդիրների էինք առնչվում, բայց հիմա այդպես չէ, քանի որ Կամերային երաժշտության ազգային կենտրոնը տեխնիկական բոլոր խնդիրները հոգում է՝ մեզ թողնելով միայն գեղարվեստական հարցերը: Մեզ շատ հաճելի է, որ արդեն ունենք պարտադիր պլանային համերգներ. այս տարի լինելու է ռեժիսորներին նվիրված համերգ, համերգ Ֆրանկոֆոնիայի շրջանակներում, կանանց տոնին նվիրված երեկո, մարզային ծրագրեր», - նշեց նա:
Վաչե Հովեյանն էլ հավելեց՝ ցանկացած կամերային կոլեկտիվի համար պատիվ է կարգավիճակ ստանալն ու Կամերային երաժշտության ազգային կենտրոնի կազմի մեջ ընդգրկվելը.
«Մենք այնպիսի կոլեկտիվներ ունենք, որոնք համաշխարհային ճանաչում ունեն: Նրանց մասին գրել են Եվրոպական լավագույն թերթերը»: