16/02/2017 14:31
Էմիլ Բաբայան. Արդարությունը պահանջում է, որպեսզի Արցախի ժողովրդի և իշխանությունների ձայնը լսվի միջազգային ատյաններում
Արցախի նախագահի խորհրդական Էմիլ Բաբայանը համոզված է, որ ՄԻԵԴ-ում Արցախի ՄԻՊ-ի զեկույցը՝ ապրիլյան պատերազմի օրերին ադրբեջանցիների կատարած վայրագությունների մասին, չափազանց կարևոր է ինչպես Արցախի ժողովրդի, այնպես էլ միջազգային իրավական ատյանների համար, քանի որ այն բոլոր իրադարձությունները, որոնք նկարագրվում են զեկույցում, տեղի են ունեցել հենց Արցախի տարածքում, ուստի վճիռ կայացնողներին հարկավոր է ինֆորմացիա մատուցել առաջին ձեռքից: Այս մասին Արցախի նախագահի խորհրդականը խոսել է «Հանրային հեռուստաընկերության» «Օրակարգ» լրատվական թողարկման ժամանակ:
«Արդարությունը պահանջում է, որպեսզի Արցախի հանրապետության ժողովրդի և իշխանությունների ձայնը նույնպես լսվի և՛ ՄԻԵԴ-ում, և՛ մյուս միջազգային ատյաններում, որովհետև եթե որոշում են կայացնում առանց առաջին ձեռքից ինֆորմացիա ունենալու, այդ որոշումը չի կարող ճիշտ լինել և չի կարող արտացոլել ամբողջ իրականությունը: Հենց դրա համար ենք մենք ուղիներ որոնում Արցախի հանրապետության ժողովրդի ձայնը միջազգային իրավական ատյաններում հասանելի և լսելի դարձնելու համար», - ասել է Էմիլ Բաբայանը:
Նա հավելել է, որ Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյանի զեկույցը հենց այս տրմաբանության շարունակությունն է, որպեսզի Արցախի ժողովրդի ճակատագրի հետ կապված վճիռ կայացնողները մանրամասն տեղեկացվեն այն բոլոր իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունեցել ապրիլին՝ Արցախում: