17/02/2017 09:52
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները մարտին կայցելեն տարածաշրջան. Հայտարարություն
ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, հայտարարել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Մյունխենում կայացած ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպումից հետո:
«Պատերազմը չի կարող դիտարկվել որպես խնդրի լուծման տարբերակ: Կողմերին կոչ ենք անում զսպվածություն դրսևորել և ժողովուրդներին պատրաստել խաղաղությանը: Կոչ ենք անում կողմերին խստորեն պահպանել 1994-1995 թթ. զինադադարի համաձայնագրերը», - ասված է ԵԱՀԿ ՄԽ հայտարարության մեջ:
Նրանք մեջբերել են 2011 թվականի մայիսին Դովիլում ԱՄՆ, ՌԴ և Ֆրանսիայի նախագահների հայտարարությունը, ըստ որի ուժի կիրառումը ավելի շատ տառապանքներ ու ավերածություններ կբերի և կարժանանա միջազգային հանրության դատապարտմանը: Համանախագահները նաև ներկայացրել են իրենց կարծիքը՝ 2016 թվականին Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունների իրագործման ուղղությամբ:
«Համանախագահներն ընդգծել են, որ կողմերը պետք է ավելի շատ ճկունություն դրսևորեն և վերսկսեն համապարփակ բանակցությունները՝ երկարատև լուծմանը որքան հնարավոր է շուտ հասնելու համար», - ասված է հայտարարության մեջ:
Բացի այդ համանախագահները նշել են, որ հայկական կողմի որոշումը՝ վերադարձնել Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողի դին կարևոր մարդասիրական քայլ էր:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները վերահաստատել են իրենց հանձնառությունը հետևել միջազգային մարդասիրական պարտավորություններին:
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ծրագրում են մարտին այցելել տարածաշրջան: