18/02/2017 14:52
Կանադայի կառավարությունն Ատոմ Էգոյանին շնորհեց Կանադայի Ազգային Շքանշանի բարձրագույն տիտղոսը
Փետրվարի 17-ին Կանադայի կառավարությունը` ի դեմս գեներալ-նահանգապետ Դեյվիդ Ջոնսթոնի, Ատոմ Էգոյանին շնորհեց Կանադայի Ազգային Շքանշանի բարձրագույն տիտղոսը` երկրի մշակույթի մեջ կատարած ներդրման համար: Այս մասին տեղեկանում ենք կինոռեժիսորի կնոջ՝ կանադահայ դերասանուհի, պրոդյուսեր Արսինե Խանջյանի facebook-յան էջից:
Նահանգապետն իր խոսքում մասնավորապես նշել է.
«Ատոմ Էգոյանը նվիրված է երկրի երիտասարդ տաղանդների և բազմազան մշակութային դաշտի զարգացմանը: Որպես կինոռեժիսոր՝ մեր մշակութային գանձերից մեկը ձեռք է բերել միջազգային համբավ, միևնույն ժամանակ ամուր կապված մնալով Կանադայի հետ: Համայնքի, մեկուսացման, մեր կյանքում տեխնոլոգիայի դերի թեմաները կենտրոնական են նրա գերազանց ստեղծագործական գործունեության մեջ: Նվիրելով իր ժամանակը և տաղանդը` նա նաև դասավանդում է և հանդիսանում մշակութային միջոցառումների և կինոփառատոների ակտիվ մասնակից և ժյուրի: Նա նաև տաղանդավոր վիզուալ արտիստ է, թատրոնի ու օպերայի ռեժիսոր»: